Մենք պատրաստ ենք մնալու այստեղ՝ ժողովրդիս ցանկալի արդյունքի հասնելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:

«Գործողության ընթացքում եղավ զոհ, նման գործողություններն առանց զոհի սովորաբար չեն լինում։ Այստեղ հարգել ենք զոհի հիշատակը։ Ունենք վիրավոր այդ փոխհրաձգությունից։ Ոստիկանները փորձեցին հակագրոհի անցնել, շատ տխուր հետեւանք ունեցավ իրենց համար։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հաղթանակին, ոչ մի կուսակցություն չպիտի անձնավորի։ 25 տարի խաբել են, մենք այլեւս թույլ չենք տալու»,- ասաց Պավել Մանուկյանը՝ նշելով, որ բոլորը պետք է մասնակից լինեն այս հաղթանակի ծնունդին։

Պավել Մանուկյանը հորդորեց ժողովրդին դուրս գալ փողոց եւ պայքարել: Միեւնույն ժամանակ նա կոչ արեց ոստիկանների ծնողներին՝ տեր կանգնել իրենց զավակներին. «Կրկնում եմ՝ մենք ոչ մի բանի չենք գնալու, պատրաստ ենք մնալու այստեղ՝ ժողովրդիս ցանկալի արդյունքի հասնելու համար»:

Խոսելով Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ բանակցությունների մասին, Մանուկյանն ասաց. «Արդյունքներից մեկն էլ այն է, որ պատանդներին ազատ արձակեցինք»:

«Այս զորամասը դառել էր հայ ժողովրդի ամենաբութ գործիքը՝ մեր ժողովրդի վերքն անընդհատ տրորելով։ Մենք որոշեցինք այս գործիքն իշխանության ձեռքից խլել։ Ժողովրդի փողով սնված այս «դուխոբորները» միշտ էլ ժողովրդի դեմ են գործել»,- հավելեց Պավել Մանուկյանը։