Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել:

Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների եւ պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ եւ 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ: Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է»:

NEWS.am-ը այս տեղեկությունը փորձեց ճշտել նաև ոստիկանությունից, սակայն ոստիկանության լրատվական ծառայությունից հորդորեցին սպասել իրենց պաշտոնական հաղորդագրությանը: