Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը ոչ մի բժշկի պատանդ չի վերցրել, այլ պահանջում է բժշկական հերթափոխի բրիգադ: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, թե բժիշկների են պատանդ վերցրել

«Ներսում կա երկու վիրավոր. մեկը, որը նախկինում էր վիրավորվել, մյուսն էլ երեկ էր թեթեւ վիրավորում ստացել: Տղաները տիրապետում են իրավիճակին եւ վճռական են: «Սասնա ծռերը» ունեն երկու գործնական պահանջ: Մեկը վերաբերում է բժշկական ծառայությանը: Ներկայումս ներսում գտնվում է բժիշկ, եւ ոստիկանությունը հայտարարում է, որ «Սասնա ծռերը» պատանդ են վերցրել նրան: Նման բան չկա, տղաները պահանջում են, որ լինի բժշկական բրիգադի հերթափոխ եւ ոչ մի ուժի, պարտադրանքի գործադրմամբ պահելու խնդիր չկա: Թող բրիգադը գա եւ ներսում գտնվողներին փոխարինի: Բժիշկներին պատանդ պահելը հերթական սուտն է, հերյուրանք է: Տղաները միայն ուզում են, որ այնտեղ բժիշկների ներկայությունը լինի տեւական եւ հերթափոխով: Երկրորդ պահանջն այն է, որ տղաները պահանջում են, որ պատգամավորները խիստ պահանջ ներկայացնեն ոստիկաններին, որ գնան, հանդիպեն «Սասնա ծռերի» տղաներին»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամը հորդորեց պատգամավորներին գնալ եւ պահանջել, որ մտնեն ՊՊԾ գնդի տարածք եւ հանդիպեն խմբի անդամների հետ:

Հարցին, թե ինչ փուլում են այս պահին բանակցությունները, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Բանակցությունները վերջին օրերին չեն եղել: Բանակցությունները, որոնք եղել են, իմիտացիոն բնույթ են կրել, վարչախմբի ներկայացուցիչները իրական բանակցություններ չեն վարել: Սեֆիլյանը հենց առաջին օրվանից իր աջակցությունն էր առաջարկել, ասել էին՝ սկզբում պատանդներին բաց թողեք, հետո կխոսենք մնացածի մասին: Պատանդները ազատ են արձակվել, բայց մնացածի մասին չի խոսվում: Խաբեությամբ եւ ստոր մոտեցումների գործելաձեւը շարունակվում է»: