Սարի թաղում այսօր՝ հուլիսի 29-ին, ուշ երեկոյան ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողներ են տուժել (ֆոտոռեպորտաժ):

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ իր նկարահանող խմբի անդամներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը ծեծի են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որոնք, ըստ ռադիոկայանի, եղել են ոստիկաններ։

Սարի թաղում ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում վիրավորվել են նաեւ «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:

Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաեւ Լրագիր.am-ի օպերատորը։

Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:

Նշենք, որ Սարի թաղում ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ծխանռնակներ են նետել ցուցարարների վրա։ Տարածքում նաեւ հրդեհ է բռնկվել, թերեւս այդտեղից անցնող գազատարի վրա։ Նախնական տեղեկություններով՝ կան տուժածներ։

Իրավիճակը խիստ թեժ է նաեւ Խորենացի փողոցում, որտեղ մեծ բազմություն է հավաքվել։ Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարել է, թե հավաքն անօրինական է եւ կոչ է արել դադարեցնել այն։ Որոշ ժամանակ անց ոստիկանները հարձակման են անցել։