NEWS.am-ը երախտապարտ է Scream Of Soul թիմին վառ տպավորությունների եւ հետաքրքիր կենսափորձի համար եւ մաղթում է մարզական նոր հաջողություններ:

Կիրակնօրյա Բյուրեղավանը լողում է առավոտյան ճառագայթների մեջ՝ հուլիսյան արեւի ուժը կուտակելով: Քաղաքի միապաղաղ համայնապատկերը խախտում են վեր խոյացող աշտարակները: Ամենաբարձրը, որին ակամայից հայացքդ գամվում է, ներկված է սպիտակ եւ կարմիր շերտերով: Կանգ ենք առնում՝ հարցնելու, թե ինչպես հասնենք աշտարակին: Բարեհոգի արտաքինով մի տարեց տղամարդ, թափահարելով մթերքի պայուսակը, հարցին հարցով է պատասխանում՝ ինչների՞դ է պետք: Եվ ինքն էլ շարունակում է՝ այստեղ են նաեւ գալիս, թռչում աշտարակից, ճչում: Տղամարդը ժպտում է թավ բեղերի միջից: «Շուտով մեզ էլ կլսեք»,- խոստացանք մենք եւ հապշտապ հրաժեշտ տվեցինք: (Ֆոտոռեպորտաժ)

      

Ռոուփջամփինգ հասկացությունը Հայաստանի համար նորություն է, սակայն ակտիվորեն տարածվում է: Անվանումը բառացիորեն թարգմանվում է «պարանով ցատկեր»: Էությունն այն է, որ բարձրությունից թռչող ալպինիստի հանդերձանքով մարզիկը ազատ թռիչքի փուլից հետո «բռնում» է պարանը: Երբ ազատ անկումն ավարտվում է, նա վերածվում է սահուն ճոճանակի:

Սպորտի այս տեսակի հիմնադիրը ամերիկացի տաղանդավոր ալպինիստ Դեն Օսմանն է եղել: Նոր էքստրեմալ մարզաձեւի ծննդյան տարին է 1989-ը: Վերելքի ժամանակ «տապալման» շարքից հետո Օսմանի գլխում միտք փայլատակեց՝ ոչ թե վեր, այլ ներքեւ ցատկել՝ հաղթահարելով անկման հանդեպ սեփական վախը: 12 տարի անգերազանցելի էր 304 մետր բարձրությունից ազատ անկման Օսմանի սահմանած ռեկորդը: Դժբախտաբար, մարզիկը 1998-ի նոյեմբերին 35 տարեկանում զոհվեց սեփական ռեկորդի գերանզանցման փորձի ժամանակ: Դենի Օսմանին կամ ինչպես քնքշորեն նրան անվանում էին ընկերները՝ Դենոյին է նվիրված Էնդրյու Թոդհանթերի «Ոգեղեն տիրակալի անկումը» գիրքը:

Ի տարբերություն շարժման հիմնադրի, որը «ծեսի մաքրության համար» ցատկերը կատարում էր մեկ պարանով, ժամանակակից ռոուփջամփինգները ցատկում են անվտանգության պարանով, դե իսկ ամբողջ համակարգը լիովին նույնն է: Սակայն դա իր առաջին ցատկը կատարող նորեկին ամենեւին չի նսեմացնում:

Հայաստանում ռոուփջամփինգ քարոզում է Scream Of Soul թիմը: Նրա հիմնադիրը եւ ղեկավարն է Դանիլ Հարությունովը: Արդեն մեկ տարի է, ինչ խումբը գործում է: ԻՆքը՝ Դանիլը առաջին անգամ ցատկել է երեք տարի առաջ: «Դա տեղի ունեցավ Մոսկվայում, ցատկում էինք 50-մետրանոց աշտարակից: Ի դեպ, խումբը, որի կազմում ցատկում էի, վերջերս բարձրության ոչ պաշտոնական համաշխարհային ռեկորդ է սահմանել»,- ասաց Դանիլը:

Հայաստանում հիմնականում ցատկում են Աշտարակի կամրջից եւ Բյուրեղավանի չգործող ապակու գործարանի աշտարակից: Հայաստանում ցատկի առավելագույն բարձրությունը 40 մետր է:

Մասնագիտությամբ լեռնային գիդ Դանիլը սպորտի էքստրեմալ շատ այլ ձեւերով էլ է հետաքրքրվում. «Զբաղվել եւ մեծամասամբ զբաղվում են փարքուրով, հեծանվադաունհիլով, ժայռամագլցմամբ, քարանձավագիտությամբ, դահուկային սպորտով»:

«Հայաստանը զբոսաշրջային մեծ հնարավորություններով երկիր է, բայց ոչ բոլոր հնարավորություններն են իրացվում»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը՝ հավելելով. «Որքան ինձ հայտնի է, Հայաստանում ռոուփջամփինգը հայտնվել է 2007 թվականին: Մխիթար անունով ալպինիստը ցատկեց Դավիթաշենի կամրջից: Այնուհետեւ մի երկու անգամ կրկնեց ցատկերը: Մեզանից բացի, որքան գիտեմ, այլեւս ոչ ոք չի զբաղվում դրանով»:

Ռոուփջամփինգի ամբողջ պարզության հետ մեկտեղ հաջող վայրէջքի համար վիթխարի աշխատանք եւ ճշգրիտ հաշվարկներ են կատարվում: Սարքավորումները տեղադրելիս ցանկացած սխալ կարող է վնասվածքների հանգեցնել եւ վատագույն դեպքում մարզիկի մահվան:

«Առավել հաճախ պարանները փոխելու անհրաժեշտություն է առաջանում: Յուրաքանչյուր ուրախ օրվանից հետո նախապես հաշվարկված որոշակի նետման հետ գրանցվում է ցատկերի թիվը: Դինամիկ պարանը միջինում փոխվում է կես տարին մեկ, թեկուզ հրաշալի տեսք ունենա»,- պարզաբանում է Դանիլը:

Scream Of Soul թիմը, որի կազմում հիմա հինգ տղա եւ մեկ աղջիկ կա, նոր անդամների է հավաքագրում: «Նրանք պետք է կրքոտ, համարձակ լինեն եւ նորը ճանաչելու ու այն սովորելու ցանկություն ունենան»,- ասում է Դանիլը: Ցանկալի է, որ ցանկացողները համապատասխան պատրաստություն անցած լինեն, բայց, ավաղ, այդպիսիք քիչ են: Նրանց, ովքեր կարձագանքեն «հոգու կանչին», փորձություններ են սպասում՝ տեսնելու համար, թե նա ինչի է ընդունակ, պարզաբանում է Դանիլը եւ ավելացնում. «Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ աղջիկներն ավելի համարձակ եւ դիմացկուն են: Քրիստինան (թիմի միակ աղջիկը) հրաշալի ժայռ մագլցող է եւ հավանաբար ժայռի վրա ինձնից լավ է մարդկանց անվտանգությունն ապահովում»:

Խմբի երազանքն է ԱՊՀ տարածքում ամենաբարձր կամուրջներից մեկից՝ Նոր Հաճընի (Կոտայքի մարզ) կամրջից ցատկը: «Սարքավորումներ ունենք, իսկ ահա քաղաքային իշխանությունների թույլտվություն՝ ոչ: Առայժմ Հայաստանում «առաստաղը» 40 մետրն է, բայց այստեղ արդեն հարցը վերաբերում է պահանջարկին եւ առաջարկին: Հայերն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ զգացողություններ են ցանկանում, եւ դա հուսադրող է»,- ասում է Դանիլը:

Նրա խոսքով՝ չնայած ռոուփջամփինգը չի մտնում սպորտի էքստրեմալ տեսակների մեջ, սակայն ԱՊՀ ամբողջ տարածքում դարձել է գործունեության ազգային տեսակ. «Մեր թիմի բոլոր անդամները աշխատելիս «վարում են»՝ երազելով մինչ այն աստիճան զարգանալու մասին, որ մեր հոբբին դառնա մեր մշտական աշխատանքը»:

«Ռոուփջամփինգը հոգեբանություն է, դա այն է, ինչ մինչ ցատկը զգում եւ մտածում ես եզրին կանգնած, եւ այն, ինչ գլխումդ կատարվում է ցատկից հետո: Դա հրաշալի ցույց է տալիս, թե ով ես իրականում: Ինձ համար դա դժվար շաբաթից հետո հոգու հանգստություն է եւ գերազանց լիցքաթափում: Ինչպես մենք ենք կատակում՝ «այդ ինքնասպանության խթանիչից» հետո հասկանում ես, թե որքան չնչին են խնդիրներդ եւ որքան հիասքանչ է կյանքը»,- ասում է Դանիլը:

Scream Of Soul թիմի անդամ Էդգար Ալավերդյանի պարզաբանմամբ՝ ամբողջ համակարգը կրկնվում է: Եթե ինչ-որ բան պատահի առաջին պարանին, ապա անվտանգության երկրորդ պարանը կանի իր գործը: «Ավելին ասեմ՝ ռոուփջամփինգն ավելի անվտանգ է, քան Հայաստանում անցումով փողոց հատելը»,- կատակում է Էդգարը:

Եղե՞լ են դեպքեր, երբ վախեցել են ցատկել: «Այդպիսի դեպքեր լինում են, սակայն դրանք փոքրաթիվ են: Առավելագույնը 10 տոկոս: Զարմանալի է, սակայն նրանց մեծամասնությունը տղաներ են: Աղջիկներն ավելի համարձակ են»,- պնդում է Էդգարը:

Ի դեպ, ցատկերն արգելված են մինչեւ 18 տարեկաններին, մինչեւ 50 կգ կամ 100-110 կգ-ից ավելի քաշի դեպքում: Նաեւ հիվանդությունների ցանկ կա, որոնց դեպքում եւս ցատկերն արգելված են: Առաջին հերթին դա սրտային հիվանդություններն են:

«Մեր թիմի եւ ինձ համար մեծ նշանակություն ունի այն, ինչով մենք զբաղվում ենք: Կցանկանայի, որ Հայաստանում գործունեության այս էքստրեմալ տեսակը զարգանար: Դա շշմեցուցիչ է, բառերով չես նկարագրի: Պետք է ինքդ փորձես»,- ժպտալով ասում է Էդգար Ալավերդյանը:

Եվ NEWS.am-ի թղթակիցները որոշեցին փորձել:

Աշտարակի դեպքում փորձարկումը բաղկացած է երկու մասից. Սեփական նյարդային համակարգի կայունությունը «փորձելու» համար սկզբում պետք է բարձրանալ 40 մետր (իմ դեպքում 20): Միայն հրշեջ աստիճանով բարձրանալն արդեն անմոռանալի է, եւ եթե դուք խուճապային վախ ունեք բարձրությունից, ինչպես ես, ավելի լավ է ընթացքում ներքեւ չնայել եւ կանգ չառնել:

Բարձրանալով փոքրիկ պատշգամբ եւ մի փոքր շունչ առնելով,ավելորդ անգամ համոզվում ես, որ վերեւից ամեն բան այնպես չի երեւում, ինչպես ներքեւից: Երբ սարքավորումները վերջնականապես ամրացված ու ստուգված են, դողացող ոտքերով բարձրանում եմ բազրիքով եւ կանգ առնում՝ դեմ առ դեմ կանգնած սեփական վախի ու ընտրության առջեւ:

Մտածում եմ՝ յուրաքանչյուրն իր խթանն ունի էքստրեմալ զվարճությունների հանդեպ: Մեկի համար դա ադրենալինի լրացուցիչ չափաբաժնի համար մրցավազքն է, մյուսը հանուն սպորտային ձեռքբերումների նորանոր բարձունքներ է նվաճում, երրորդը փորձում է պարզել սեփական հնարավորությունների սահմանը, հասկանալ, թե ինչն է ղեկավարում մարդուն՝ գիտակցությո՞ւնը, թե՞ բնազդները: