Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ մեղադրվող 3 ամբաստանյալներից մեկը արդարացվել է, երկուսը՝ մեղավոր ճանաչվել: Դատավճիռը հրապարակվել է այսօր՝ օգոստոսի 10-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Ռաֆիկ Պապոյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) եւ դատապարտվել 14 եւ 12 տարվա ազատազրկման:

Ռաֆիկ Պապոյանի որդին՝ Սերգեյ Պապոյանը, որը նույնպես մեղադրվում էր պետական դատավաճանության մեջ, անմեղ է ճանաչվել եւ ազատ արձակվել:

Կարինե Ղումաշյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:

Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից եւ կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:

Սերգեյ Պապոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ եւ հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Կարինե Ղումաշյանի եւ Ռաֆայել Պապոյանի համար դատախազը պահանջել էր 15, Սերգեյ Պապոյանի համար` 14 տարվա ազատազրկում:

Լուսանկարում`մեղարդյալ Կարինե Ղումաշյան

Լուսանկարում`դատավոր Արշակ Վարդանյան

Լուսանկարում`մեղադրյալ Սերգեյ Պապոյան

Լուսանկարում`մեղադրյալ Ռաֆիկ Պապոյան