Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այս մասին օգոստոսի 10-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուս առաջնորդը նշել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման շնորհիվ տնտեսական մեծ արդյունքի մասին: «Մենք հետեւողականորեն դաշնակցային հարաբերություններ ենք կառուցում, ըստ որում՝ ամենազգայուն ուղղություններով, նաեւ միջազգային ասպարեզում՝ առաջին հերթին նկատի ունենալով ԱՊՀ տարածքը»,- ասել է Պուտինը նեղ կազմով Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում:

«Ի դեպ, ինձ շատ հաճելի է նշել, ցանկանում եմ այդ առումով ձեզ շնորհավորել, ես նայեցի անցյալ տարվա տվյալները: ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո, ինչպես թղթերից է երեւում, ձեր Համախառն ներքին արտադրանքն աճել է 10 տոկոսով»,- ընդգծել է ՌԴ նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա գնահատմամբ՝ դա շատ դրական ցուցանիշ է: Պուտինը հույս է հայտնել, որ այսպիսի դրական դինամիկան կպահպանվի նաեւ հետագայում:

ՀՀ նախագահն ասել է, որ Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել երկու պետությունների փոխգործակցության ընթացիկ վիճակը եւ մտքեր  փոխանակել տարածաշրջանային օրակարգի տարբեր հարցերի վերաբերյալ: Սարգսյանը նշել է, որ 2016-ի վեց ամիսների ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ ՌԴ արտահանումը հասել է պատմական առավելագույնին: Նրա խոսքով՝ այդ հաջողությունները կապված են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ չունի: