ԼՂՀ տարածքում անցկացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության կապակցությամբ Արցախի քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ ստեղծագործական միությունները նամակով դիմել են ԵԱՀԿ Գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ Մինսկի խմբի համանախագահներին, որը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

 

ԵԱՀԿ գործող նախագահ պրն. Սաուդաբաեւին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.

դեսպան Բրադկեին` Միացյալ Նահանգներ

դեսպան Պոպովին` Ռուսաստանի Դաշնություն

դեսպան Ֆասիեին` Ֆրանսիայի Հանրապետություն

Ձեզ դիմելու առիթը այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ԵԱՀԿ դաշտային առաքելության իրականացումն է եւ դրա հետ կապված մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները:

Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը` ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում` ԼՂՀ տարածքում:

Գնահատելով ձեր իրազեկվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմության մասին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել տարածաշրջանի ներկայիս հումանիտար իրավիճակի ձեւավորման վրա ազդեցություն թողած որոշ փաստեր եւ իրադարձություններ.

Մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին սահմանվել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի արձանագրությամբ:

Մինչ այդ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցի լուծումը վերապահել էր Փարիզի խաղաղության վեհաժողովին:

Այդուհանդերձ, միայն երկու տարի անց, 1923թ, ԼՂ հայ մեծամասնության ներկայացուցիչների եւ Խորհրդային Հայաստանի համառ պնդումներից հետո, Ադր. ԽՍՀ Կենտգործկոմը հռչակել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Մարզը, որի սահմաններից, սակայն, դուրս են թողնվել գերազանցապես հայաբնակ եւ պատմականորեն մեկ ամբողջության մաս կազմող շրջաններ, իսկ Շուշի քաղաքը` զրկվել է մայրաքաղաքի կարգավիճակից:

Սույն միակողմանի եւ ԼՂ հայ մեծամասնության շահերը ոտնահարող որոշումը խորհրդային իշխանության բոլոր տարիներին հարուցել է դժգոհություններ եւ բողոքներ, որոնք խորհրդային Ադրբեջանի կառավարության կողմից դաժանորեն բռնաճնշվել են եւ դարձել հայ բնակչության արտագաղթի պատճառ:

Բավական է ասել, որ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ընդամենը 25 տարում, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թիվը կրճատվել է 22 հազարով: Եւ դա այն դեպքում, երբ մարզի ադրբեջանական բնակչությունը նույն ժամանակահատվածում գրեթե եռապատկվել էր:

Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է խոսում այն փաստը, որ 1941-45թթ. պատերազմի տարիներին գործող բանակ է զորակոչվել բնակչության ավելի քան մեկ երրորդը` 44 000 մարդ, որի ուղիղ կեսը զոհվել է: Տոկոսային հարաբերակցությամբ` մարդկային նման ահռելի կորուստներ կրել են միայն այն ժողովուրդները, որ ենթարկվել են ֆաշիստական օկուպացիայի եւ էթնիկ զտումների: Համեմատության համար, կարծում ենք, արժե նկատել, որ ամբողջ Ադր. ԽՍՀ բնակչության միայն շուրջ 20 տոկոսն է զորակոչվել:

Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում: 2001թ., ընդունելով մի խումբ գրողների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պարծենում էր, որ  1969-82թթ., լինելով Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ, կարողացել է ԼՂ-ում ժողովրդագրական իրավիճակը «արմատապես փոխել հօգուտ ադրբեջանցիների»: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախագահ Ալիեւը ճշմարտությունն է ասել:

Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր, որոնց զգալի մասը քաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի եւ ապրուստի հնարավորություն չունենալու պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:

Էթնիկական վերջին զտումները ԼՂ-ում, նրան հարակից հայաբնակ Շահումյանի շրջանում եւ Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիառմամբ իրականացվել են 1991-92թթ., ինչի հետեւանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են: Ընդհանուր առմամբ, 1988-92 թվականներին, Ադրբեջանից տարհանվել են 420 հազար հայեր, որոնք միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածք եւ հարստություն են թողել այդ երկրում, չարժանանալով որեւէ փոխհատուցման:

Ցավոք, Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը եւ դիմեց բռնության: Մեզ այլ ելք չէր մնում, քան, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, անկախություն հռչակել, ստեղծել պետական կառավարման ազգային ինստիտուտներ եւ դիմակայել ռազմական ագրեսիային, որը ավերածությունների ու տասնյակ հազարավոր մարդկային զոհերի ու զրկանքների պատճառ է դարձել:

Մինչդեռ մարդկային այս, ինչպես նաեւ հակամարտության գոտու ադրբեջանցի բնակչությանը բաժին ընկած տառապանքներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանի իշխանությունները տեղաշրջանի հայ մեծամասնության մարդկային իրավունքների նկատմամբ ցուցաբերեին պարզ ընկալունակություն:

Այսպիսով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետեւանք է: Ուստի եւ մարդկային զրկանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարության վրա:

Վերջինիս հանցավոր գործելաոճը շարունակվում է եւ այսօր, ինչն արտահայտվում է Ադրբեջանում ջանադրաբար իրականացվող հայատյաց գաղափարախոսությամբ, սպառազինության ներմուծման ծավալների սրընթաց աճով եւ ռազմատենչ հայտարարություններով:

Հակամարտող կողմերի միջեւ միջնորդություն ստանձնած կառույցը, հուսով ենք, գիտակցում է, որ նման գործելաոճը ոչ միայն չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այլեւ հրահրում է նոր պատերազմ:

Մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, հետեւանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը եւ խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երեւակայությանը, այլ կսթափեցնեն նրան եւ կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձեւավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Ազատ հայրենիք կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Հայ Յեղափոխական դաշնակցության Արցախի կազմակերպություն

Արցախի Արմենական կուսակցություն

ԼՂ կոմունիստական կուսակցություն

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների  միություն

Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն

Հելսինկյան նածաձեռնություն-92 ԼՂ կազմակերպություն

Արցախի Գրողների միություն

Արցախի ժուռնալիստների միություն

ԼՂՀ նկարիչների միություն

Արցախի մտավորականների միություն

Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկների Վիտա կազմակերպություն

ԼՂՀ փախստականների միություն

Պատերազմի եւ աշխատանքի վետերանների միություն

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա

ք. Ստեփանակերտ

11 հոկտեմբերի, 2010թ.»: