Թալիշում հակառակորդի կողմից 3 ամիս առաջ ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը շուրջ 10 օր է՝ Կարմիր խաչի «Քրոսս» առողջության վերականգնողական կենտրոնում: Նրան այսօր հանդիպեցինք կենտրոնի մարզասրահում. ֆիզիոթերապեւտի հետ պարապում էր, որպեսզի կարողանա ինքնուրույն տեղաշարժվել:

Գլխուղեղի աջ կիսագնդի վիրավորման հետեւանքով Հովհաննեսը ձախ ձեռքն ընդհանրապես չի շարժում: Մասնագետն այս պահին ամեն ինչ անում է, որ գոնե աջ ոտքը սկսի լիարժեք շարժել: Յուրաքանչյուր օր 30 րոպե զինվորը մարզասրահում է, պարապում է ուժերի մեծ լարումով: Կողքին կանգնած մարդիկ հասկանում են՝ Հովհաննեսը ցավ է զգում յուրաքանչյուր շարժումից, միեւնույն ժամանակ աչքերում փայլ կա. զինվորն ուրախանում է, որ մի շարժում էլ կատարեց:

«Մի քանի ամսից Հովհաննեսը պետք է պլաստիկ վիրահատության ենթարկվի: Բացի դրանից, խոսել չի կարողանում: Պատկերացնում եք՝ Թատերական ինստիտուտի ուսանողը չի խոսում, նրան շատ եմ ասում՝ Հովհաննես, պիտի խոսես, դու դերասան ես: Այս առումով էլ առաջընթաց ունենք: Երկու լոգոպեդ է նրա հետ աշխատում: Երբ նոր էր եկել մեզ մոտ, ընդհանրապես չի խոսում, իսկ այժմ բառեր է արտասանում»,- ասում է Հովհաննեսի բժշկուհին՝ Ջուլիետա Ադամովան:

Բժշկուհու խոսքով՝ նման հիվանդներն ավելի շուտ ոտքերն են շարժում, քան ձեռքերը: Դա է պատճառը, որ ձեռքը շարժելու համար Հովհաննեսը դեռ երկար պետք է աշխատի; Կենտրոնի մասնագետները զգում են նաեւ, որ զինվորի տրամադրությունը բարձրացել է: Թե դեռ որքան զինվորը պետք է մնա կենտրոնում, այս պահին հայտնի չէ:

Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։ Նա արդեն երկու անգամ վիրահատվել է Երեւանում:

Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առ այսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016 թվականի մայիսի 13-ին Արցախի զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: