Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Իվանովին ազատել է իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Կրեմլից հայտնում են, որ նա կզբաղեցնի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը՝ բնապահպանության, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերով:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Սերգեյ Իվանովի աշխատանքից գոհ է եղել: Նախագահի խոսքով՝ Իվանովն անձամբ է խնդրել այլ աշխատանքի տեղափոխել:

Պուտինի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Անտոն Վայնոն, որը մինչ այդ եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Նշվում է, որ Իվանովը կպահպանի իր տեղը Ռուսաստանի Անվտանգության խորհրդում: Իվանովը Կրեմլի աշխատակազմի ղեկավարն էր 2012 թվականի մայիսից: