Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ավագ եղբայրը՝ Ռուբենը, դժվարանում է բառերով բացատրել, թե ինչ է զգացել, երբ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պարգեւատրման ժամանակ հագել է իր եղբոր լուսանկարով շապիկ։ NEWS.am–ի հետ զրույցում Ռուբենը նշեց, որ Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողությանը հետեւելիս անմիջապես չի նկատել վերնաշապիկը, այլ ավելի ուշ, երբ նայել է երկրորդ անգամ։

«Ընտանիքով նայում էինք, բայց չէինք էլ նկատել, որ Ռոբերտի լուսանկարով վերնաշապիկ է հագել։ Հետո արդեն նամակներ ստացա, բացեցի, տեսա, որ տենց բան է եղել, գտա, youtube-ով նայեցի։ Շատ անսպասելի էր ինձ համար, ընտանիքիս անդամների համար, չեմ կարող բացատրել՝ ինչ զգացողություններ ապրեցի՝ հուզվեցի, հպարտություն զգացի, դժվար է բացատրելը։ Համ հաղթեցինք, համ էլ ախպորս լուսանկարով վերնաշապիկն հագած ստացավ ոսկե մեդալը»,–ասաց Ռուբենը։

Հերոսի եղբայրը պատմեց, որ մայրիկն ու տատիկը եւս հուզվել են, երբ առավոտյան նայել են օլիմպիական չեմպիոնի պարգեւատրման արարողությունը. «Գիշերը քնած էին, առավոտ արթնացան, պատմեցի, իրանք էլ տեսան, հուզվեցին, հպարտացան...»։

Ռուբենը պատմեց, որ Ռոբերտ Աբաջյանը երբեք սպորտով չի զբաղվել, իսկ սպորտային իրադարձություններին հետեւել է միայն, երբ հայերն են մասնակցել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Նա ոսկե մեդալը ստանալիս հագել էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկ։