Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է պատիժը կրելու Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված՝ Գյումրիի ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Դատական գործընթացի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ինքը դեռ չգիտի, թե իր պաշտպանյալը որտեղ է կրելու պատիժը:

«Այդ հարցին իր ելույթում պետք է անդրադառնար դատախազը: Նա դա չի արել՝ ենթադրելով, որ դատարանը հարցը կպարզաբանի վճիռը կայացնելիս: Դատարանը նույնպեսշրջանցեց այդ հարցը: Այս պահին պաշտպանող կողմի համար նույնպես անհասկանալի է, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը»,- նշել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ պաշտպանական ճառի ժամանակ փաստաբանը պնդում էր, որ Պերմյակովին պետք է արդարացնել սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: «Ինչ վերաբերում է վճիռը բողոքարկելուն, սկզբում ես պետք է ստանամ դատարանի գրավոր վճիռը, հետո հանդիպեմ պաշտպանյալին եւ պարզեմ նրա դիրոքրոշումը, թե ուզում է նա արդյոք բողոքարկել վճիռը: Դրանից հետո որոշում կկայացվի»,- ասել է փաստաբանը: