Փարիզում գործող «Նոր հայեր» միջազգային ամսագիրը կես միլիոն բաժանորդ ունի: Այս մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ամսագրի հիմնադիր Ժան-Ժակ Սարջյանը:

Նրա խոսքով՝ «Նոր հայեր» ամսագիրը հիմնվել է 2008 թվականին: «Ամսագիրը նպատակաուղղված է հայերի մասին տեղեկատվության տրամադրմանը: Ամսագրի կայքը 8 տարբերակ ունի՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն: «Նոր հայեր» ամսագրի գլխավոր խմբագիրը Րաֆֆի Բաքյանն է, նա էլ հենց ինձ ոգեշնչել է այս գործում»,- ասել է Ժան-Ժակ Սարաջյանը՝ շարունակելով, որ ամսագիրը հիմնականում ներկայացնում է հայ համայնքը եւ հայերի հետ կապված հարցեր է բարձրացնում:

«Նոր հայեր» ամսագրի կայքում կան տարբեր բաժիններ՝ քաղաքականություն, տնտեսություն, արվեստ եւ մշակույթ, ավտո, կինո, բարձր տեխնոլոգիաներ, մարդիկ, հասարակություն, սպորտ, տուրիզմ: