Վրաստանում իշխող «Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը օրերս ներկայացրել է իր նախաընտրական ծրագիրն ու պատգամավորների թեկնածուների ամբողջական ցուցակը, որտեղ ներկայացված 155 հոգանոց ցուցակում հավասար ներկայացված են հայ եւ ադրբեջանցի թեկնածուները՝ 3 հայ եւ 3 ադրբեջանցի, հաղորդում է «Վրաստանի հայ համայնքը»:

Հենց այստեղ պետք է նշել, որ հայ 3 թեկնածուներից միայն մեկն է՝ Հենզել Մկոյանը, ներկայացված որպես մեծամասնական թեկնածու, իսկ մնացած երկուսը համամասնական ցուցակի՝ 19-րդ (Ռուսլան Պողոսյան) եւ 23-րդ (Սամվել Մանուկյան) հորիզոնականներն են զբաղեցնում:

Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին՝ 64 էջից բաղկացած ծավալուն տեքստում հիշատակված են նաեւ ազգային փոքրամասնությունները: Սակայն, ինչքանով է կուսակցության տեսությունը արտացոլում փոքրամասնությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ հնարավոր է արդյոք առաջարկված տեքստ-խոստումը համարել երաշխիք այս մարտահրավերների լուծմանը, այս հարցին հենց ընտրողներն էլ պատասխան թող տան:

Առանց որեւէ մեկնաբանությամբ հարգելի ընթերցողի ուշադրության են հրավիրում «Վրացական երազանք»-ի նախաընտրական ծրագրում տեղ գտած, ազգային փոքրամասնությունների մասին քաղվածքներ:

Ի՞նչ արվեց:

«Իշխանությունը կարեւոր քայլեր ձեռնարկեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման ու նրանց քաղաքացիական ինտեգրումն ապահովելու համար: 2015 թվականին կառավարությունը հաստատեց «Քաղաքացիական հավասարության եւ ինտեգրման պետական ռազմավարություն ու 2015-2020թթ. Գործողության ծրագիրը», որը հիմնված է լավագույն պրակտիկայի եւ փորձի վրա, ինչպես նաեւ սահմանազատվեց առկա կարիքների եւ մարտահրավերների դեմ արդյունավետ գործելու մեխանիզմները»:

Որպես կարեւոր առաջնություն համարվեց որակյալ կրթության մատչելիությունը: Մշակվեց ազգային փոքրամասնությունների կրթության քաղաքական փաստաթուղթը նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական ու բարձրագույն կրթական մակարդակների համար: Իրականացվում է վրաց լեզվի ուսուցման հատուկ ծրագրեր ինչպես համալսարաններում սովորել ցանկացողների, այնպես էլ մասնագիտական կրթություն ստացողների համար:

Ավելի շատ ուշադրություն դարձվեց սակավաթիվ էթնիկ խմբերին, նրանց մշակութային ինքնությանն ու կարիքներին:

Պետության կողմից անցկացվող քաղաքականության հետեւանքով բարձրացվեց ազգային փոքրամասնությունների պետական լեզվի ուսուցման որակի արդյունավետությունը: Իրականացվում են ծրագրեր, որոնց շրջանակներում շուրջ 90 դպրոցում գործում են վրաց լեզվի խմբակներ, որից 2600-ից ավելի աշակերտ, մոտ 500 ուսուցիչ եւ 400-ից ավելի տեղական համայնքների անդամ է օգտվում: Վրաց լեզվի 78 ուսուցիչ գործուղման է ուղարկված Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի եւ Կախեթիի ոչ վրացալեզու դպրոցներ»:

«Ձեռնարկվեցին կարեւոր քայլեր կրոնական միությունների գույքային իրավունքների վերականգման ուղղությամբ»:

Ի՞նչ կարվի ապագայում:

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանմանն ու ապահովագրման համար կիրականացվի «Քաղաքացիական հավասարության եւ ինտեգրման 2015-2020թթ. գործողության ծրագիրը»: Նշված ծրագիրը նպատակ է հետապնդում առաջիկա տարիների ընթացքում արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Վրաստանի ամեն քաղաքացի, անկախ նրա ազգային պատկանելիության, ունենա հնարավորություն լիակատար ներգրավվելու հասարակության կյանքի ամեն ոլորտում, երկրի տնտեսական զարգացմանը, քաղաքական ու քաղաքացաիական գործընթացներում:

Համապատասխան գերտնտեսչությունների համակարգված աշխատանքի արդյունքում, այդ թվում քաղաքացիական ինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովի շրջանակներում, կակտիվանան մանրամասն արված ամենամյա ծրագրի իրագործելուն ուղղված ջանքերը:

Հատկապես հեռանկարային կլինի պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը, որը հաճախ խոչընդոտ է առաջացնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին լիարժեք ներգրավելու համար: Համապատասխանաբար կավելանա պետական լեզվի ուսուցման ծրագրերի արդյունավետությունը, պետական լեզվի ծրագրերի հասանելիությունը կընդլայնվի նաեւ ուսումնական գործընթացից դուրս:

Ապահովված կլինի վրաց լեզվի պայմանական ուսուցումը հանրային սեկտորում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար:

Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում կբարելավվի վարչական գործավարության փաստաթղթերի եւ հանրային սպասարկման հասանելիության որակը:

Կրթության ռազմավարական փաստաթղթի համաձայն կձեռնարկվի արդյունավետ քայլեր եւ զգալիորեն կբարելավի որակով կրթության հասանելիությունը կրթության ամեն ոլորտներում:

Կբարելավի մամուլի ու տեղեկության առկայությունը եւ, համապատասխանաբար, ազգային փոքրամասնությունների երկրի միասնական տեղեկատվական դաշտում ներգրավումը, ինչը հաջող քաղաքական ինտեգրման գործընթացի նախապայմաններից է:

Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կշարունակվի ենթակառույցների, սոցիալ եւ տնտեսական հնարավորությունների զարգացումը, այդ թվում կառավարության համապատասխան ծրագրերի եւ ծառայությունների մասին նրանց համար ամբողջական տեղեկության հասանելի լեզվով առկայությունը:

Ապահովված կլինի ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացման հնարավորությունները, հանդուրժողականության խրախուսումն ամբողջ հասարակության մեջ»:

Նրա համար, որ հարգելի ընթերցող-ընտրողն ունենա ամբողջական պատկեր նշված քաղաքական ուժի ազգային փոքրամասնությունների հարցերով քաղաքականության վերաբերյալ, հաջորդ հոդվածում կներկայացնենք այն ծրագրային խոստումները, որոնք «Վրացական երազանք»-ը դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ էր խոստացել: Եվ այսպես կներկայացնենք ընտրություններում մասնակից բոլոր հիմնական խաղացողների տեսությունը: Նպատակը մեկն է, բացահայտենք ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների լուծման տեսակետից ինչով են տարբերվում իրարից քաղաքական կուսակցությունները: