Կարելի է Կարեն Կարապետյանի թեկնածությունը դիտարկել ազգային համաձայնության կառավարության համատեքստում, քանի որ  նա անկուսակցական է, ունի լավ անցյալ, մտավորական ընտանիքից է, որեւէ կուսակցության հետ ընդգծված չի ասոցացվել եւ որեւէ կուսակցության հետ բացասական հարաբերություն չունի: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` պատասխանելով հարցին, թե կարելի է Կարապետյանի թեկնածությունը դիտարկել Սերժ Սարգսյանի հայտարարած ձեւավորվող  ազգային համաձայնության կառավարության համատեքստում:

«Քաղաքական դաշտի համար ինքը քիչ թիրախ կլինի, հանրության շրջանում էլ չկա բացասական վերաբերմունք նրա անձի նկատմամբ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին` պատկերացնո՞ւմ է ազգային համաձայնության կառավարությունում Լեւոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների համալրմամբ, Նիկոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` ինչպիսին կլինի, բայց ասեմ, որ Կարեն Կարապետյանը ազատ է կադրային քաղաքականության եւ կառավարության գործունեությունը իրականացնելու հարցում»:

Հիշեցմանը, թե իրենց կողմից այդքան գովասանքի արժանացած քաղաքապետը չկարողացավ նույն իշխանության հետ աշխատել քաղաքապետի պաշտոնում, որը լքեց մեկ տարի անց, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. ««Հիմա էլ իշխանությունը գտնում է, որ մեզ անհրաժեշտ են կտրուկ քայլեր, կտրուկ փոփոխություններ, ինչի կողմնակից եղել  է Կարապետյանը եւ իրականացրել իր գործունեության ընթացքում: Հիմա այդ տեսակի պահանջարկը կա»:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Կարեն Կարապեըտյանը  ութ ամսվա վարչապետ է լինելու, ղեկավարելու է մինչեւ խորհրդարանական ընտրություններ, Նիկոյանն ասաց. «Կարծում եմ` ինքը շարունակելու է նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո. Աստված տա այդպես լինի»: