Աղձքում հայ թագավորներից Արշակունիների արքայատոհմի գերեզմանատեղիիում, որը թվագրվում է մեր թվականության 4-րդ դարով, պեղումների ընթացքում հայտնաբերվել են մասունքներով քարե դամբարաններ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Պատմագիրներ Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի համաձայն՝ պարսից շահ Շապուհ 2-րդը իր քրմերի հրահրմամբ հայերին նվաճելու համար Անի-Կամախից (Եփրատի ափին գտնվող Փոքր Հայքի մայրաքաղաք, հեթանոսական Հայաստանի կենտրոն) գողացել է հնագույն հայերի արքաների մասունքները: Հայկական բանակը ջախջախել է պարսիկներին եւ մասունքները վերադարձրել, որոնք վերաթաղվել են Աղձքի գերեզմանատեղիիում:

Հնագետը նշել է, որ Աղձքի տարածքում նախկինում կատարված պեղումների ընթացքում մարդու մնացորդներ չեն հայտնաբերվել, եւ հին արքաների մասունքները գողանալու պատմությունը դասվել է առասպելների շարքին:

2015 թվականին այստեղ սկսել է աշխատել հնագետների նոր արշավախումբ, եւ մատուռի բեմի տակ՝ քարե սալահատակի տակ հայտնաբերվել են մասունքներով քարե սարկոֆագներ: Գիտնականները նախապես ենթադրել են, որ դամբարանները հելլենական դարաշրջանին են պատկանում, սակայն դրանցից մեկի վրա խաչ է պատկերված: Քանի որ սարկոֆագներում միայն ոսկորներ են եղել, գիտնականները ենթադրել են, որ վերաթաղում է կատարվել: Հնագետը ենթադրում է, որ դրանք հենց հայ արքաների այն մասունքներն են, որոնք ինչ-որ ժամանակ հափշտակել էին պարսիկները: