Կապանում բացվել են արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանին պատկանող «Կոնվերսբանկ»-ի երկու ՝  «Փոստ Բանկ Կապան» եւ «Կապան» մասնաճյուղերը։ Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։

«Փոստ Բանկ Կապանը» մատուցելու է ավանդական փոստային, ինչպես նաեւ սուրհանդակային եւ ֆինանասական ծառայություններ։ Ծառայությունների թվում կլինեն նաեւ ֆաքսիմիլային եւ ինտերնետային կապը, պատճենահանումը եւ տպագրությունը։ «Հայփոստտրանս մենեջերը» մինչեւ տարեվերջ հանրապետության տարբեր մարզերում նախատեսում է վերաբացել նման 35 բաժանմունքներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների որակով չեն զիջի Երեւանում գործող նմանատիպ փոստբանկային մասնաճյուղերին։

«Կոնվերսբանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ Կապանում տարեկան 1-2 մլրդ դրամի չափով վարկավորում կիրականացվի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ այլ մասնաճյուղերի հետ համեմատած։ Դավթյանը հավաստեց, որ Հայաստանի հարավային շրջաններում բանկը մասնաճյուղեր չունի։ «Կոնվերսբանկի» գործադիր տնօրենն ընդգծեց, որ Կապանում գործարկված երկու մասնաճյուղերի շնորհիվ բացվել են աշխատանքային 16 տեղեր, որից 11-ը՝  «Կոնվերսբանկ»-ի «Կապան» մասնաճյուղում, 5-ը՝«Փոստ Բանկ Կապանում»: Ընդ որում, ՝«Փոստ Բանկ Կապանը» սպասարկելու է միայն ֆիզիկական անձանց, իսկ ՝  «Կոնվերսբանկ»-ի «Կապան» մասնաճյուղը՝ եւ ֆիզիկական, եւ իրավաբանական։