Արագած լեռան լանջին՝ 3000 մետր բարձրության վրա գտնվող Տիրինկատար տեղանքում, հայ, գերմանացի եւ իտալացի մասնագետներից կազմված արշավախումբը հերթական վիշապաքարն է պեղել: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արսեն Բոբոխյանը:

Նրա խոսքով՝ գիտական անալիզը ցույց է տվել, որ վիշապաքարը կարող է թվագրվել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջով, այսինքն՝ բրոնզե դարի հուշարձան է: Պեղումների ընթացքում վիշապաքարի տակ հնագույն ցորենի, գարու եւ, հնարավոր է, խաղողի մնացորդներ են հայտնաբերվել: Մասնագետի խոսքով՝ օրգանական այս մնացորդները դեռեւս մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն:

Այս ընթացքում շարունակվել են նաեւ Մարգահովիտ գյուղում պեղումները, որը գտնվում է Դիլիջանի եւ Վանաձորի միջեւ: Վերջին հինգ տարիների ընթացքում այստեղ իրականացվող աշխատանքները ցույց են տվել, որ Մարգահովիտը բրոնզե դարաշրջանի մետաղագործական կենտրոն է եղել:

Արսեն Բոբոխյանի խոսքով՝ այստեղ ոչ թե պարզ բնակավայր, այլ հնագույն մետաղագործների ավան է եղել: Պեղումների ժամանակ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի շան բրոնզե արձանիկ է հայտնաբերվել: Գիտնականի խոսքով՝ սա եզակի գտածո է, եւ դրա շնորհիվ կենդանաբանները կարող են պատկերացում կազմել նախապատմական շան տեսքի մասին: