Մեծամորի բերդ-հնավայր տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Արարատյան դաշտով: Ամրոցը գտնվում է Երեւանից 35 կմ հեռավորության վրա՝ Մեծամոր գետի ափին եւ զբաղեցնում է հրաբխային բլրի ամբողջ մակերեսը:

Այս տարածքում պեղումները սկսվել են դեռ 1965-ին եւ որոշակի ընդհատումներով շարունակվում են մինչեւ օրս: Հնագիտական աշխատանքների ժամանակ բացահայտված մշակութային շերտերը վաղ, միջին եւ ուշ բրոնզի դարին եւ վաղ եւ ավելի ուշ շրջանի երկաթի դարին ու միջնադարին են պատկանում:

Հայտնաբերված արտեֆակտները պահվում են պատմահնագիտական թանգարանում, որը բացվել է 1968-ին ամրոցի տարածքում: Այսօր թանգարանում կա ավելի քան 22000 նմուշ: 

Գտածոների թվում, ինչպես ասում է ռեստավրատոր Տիգրան Զաքյանը, հատուկ տեղ են զբաղեցնում Բաբելոնի արքա Ուլամ Վուրարիշի (մ.թ.ա. 16 դար) գորտի տեսքով ագաթե կշռաքարը եւ կարմիր սարդիոնից կնիքը, որը պատկանում էր մեկ այլ բաբելոնյան արքայի՝ Կուրիգալզուին (մ.թ.ա. 15 դար):

Բացի այդ, թանգարանում պահվում է ամենահին ոսկյա զարդը, որը գտել են Հայաստանի տարածքում: Ենթադրվում է, որ դա մանկական մազակալ է:

Գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից եղել է քարավանուղիների խաչմերուկ, որոնք անցնում էին Արարատյան դաշտով եւ կապում էին Առաջավոր Ասիան Հյուսիսային Կովկասին:

2013-ին հայ հնագետները Վարշավայի հնագիտական թանգարանի լեհ գործընկերների հետ համատեղ սկսեցին ամրոցի պարիսպների սահմաններից այն կողմ պեղումները:

Հնագիտական արշավի ղեկավար, Պատմական միջավայրի եւ թանգարան-արգելոցների պահպանության ծառայության փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը «Եվրոպական ժառանգության օրերի» բացման շրջանակներում ներկայացրել է ոսկուց եւ սարդիոնից շղթան, որը գտել էին մոտ 10 օր առաջ: Այս տարի պեղումներն ավարտվել են, նշեց նա:

Փիլիպոսյանի խոսքով՝ պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի քանի սենյակ, որոցում երեւում են հրդեհի հետքեր: Դրանցից մեկում մի քանի մեծ անոթ է հայտնաբերվել: Բացի այդ, հնագետները պեղել են մի քանի կմախք, որոնցից մեկը՝  6-ամյա երեխայի:

Հայտնաբերված կմախքներից մեկը հատկանշական է նրանով, որ գլխատված է եղել, իսկ նրա ձեռքում կուժ է եղել: Ակնհայտ է, որ դրա տերը մահացել է բռնի մահով: Ամրոցի տարածքում չուսումնասիրված շատ բաներ են մնացել, սակայն դա ժամանակի եւ ֆինանսավորման հարց է, եզրափակում է Զաքյանը:

Գլխատված կմախքի ձեռքում հայտնաբերված կուժը

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am