Պետական բյուջեից առաջին հերթին դոտացիաներ կստանան հեռավոր բարձրլեռնային գյուղերը: «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքի նոր խմբագրմամբ օրինագիծը սեպտեմբերի 28-ին ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ՝ 77 կողմ, 7 դեմ եւ 17 ձեռնպահ ձայներով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: 

Օրինագիծը հին խմբագրմամբ ընդունվել էր 1998 թվականին, որի հիմքում ընկած էր միայն 2 սկզբունք՝ բնակչության թիվը եւ համայնքի եկամտային հնարավորությունները (խոսքը միայն տեղական հարկերի մասին էր՝ հողի եւ եկամտահարկի): Նոր օրինագծով առաջարկվում է ավելի ընդարձակ սանդղակ՝ բնակավայրի բարձրությունը, սահմանամերձ լինելը, համյանքների միջեւ հեռավորությունները (դա հատկապես վերաբերում է խոշորացված նոր համայնքներին), Երեւանից եւ մարզկենտրոնից հեռավորությունը: