Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) սեպտեմբերից սկսել է Իրական դպրոցի նախագծի իրականացումը, որը Շուշիի իրական դպրոցի հենքի վրա ստեղծված ծրագիր է՝ ուղղված ավագ դպրոցի աշակերտներին տալ մասնագիտացված կրթություն ինժեներական ոլորտում, կապել նրանց ինժեներական ընկերությունների հետ եւ ավագ դպրոցին հատկացված ժամանակահատվածը նպատակաուղղված օգտագործել: Եթե սովորական հանրակրթական դպրոցներում առարկաներն դասավանդվում են հետագայում որեւէ ոլորտում կիրառվելու հույսով, ապա Իրական դպրոցում մոտեցումներն այլ են. այստեղ նպատակներին համապատասխան դասավանդվում են անհրաժեշտ ծրագրերը:  Իրական դպրոցում դասավանդում են Instigate Robotics ընկերության մասնագետները:

Instigate Consulting ընկերության տնօրեն Աննա Գեւորգյանի խոսքով՝ այս պահին դպրոցը գործում է Ինֆորմատիկայի քոլեջում, սակայն հետագայում պլանավորվում է առանձին շենք հատկացնել դպրոցին:

«Շենքը այնպես է պլանավորված, որ մի մասը հատկացված լինի դպրոցին, մի մասը՝ ինժեներական ընկերերություններին, որտեղ կկարողանան աշխատել դպրոցի շրջանավարտները, մյուս մասն էլ հատկացված կլինի ինժեներական լաբորոտորիային, որտեղ կիրականացվեն ինժեներական բոլոր փորձարկումները: Այսինքն այստեղ երեխան իրական կյանքի իրական խնդիրներ կլուծի»,- հավելեց Աննա Գեւորգյանը:

ԻՏՁՄ  հիմնադրվել է 2000 թվականին որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը արդեն իրագործել է այնպիսի կարեւոր կրթական ծրագրեր, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրումը Հայաստանի ամբողջ տարածքում, «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը, որի նպատակն է զորացրված տղաներին ՏՏ ոլորտի մասնագետներ պատրաստելն է եւ մի շարք այլ կարեւոր ծրագրեր: