Հայաստանում նոր ԱԷԿ-ի համար ընտրվել է ռուսական «միջուկային  կղզին»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը։ Նրա խոսքով, ռեակտորը եւ դրա բաղադրիչները ռուսական են լինելու։

«Ինչ վերաբերում է տուրբիններին, էլեկտրասարքավորումներին եւ կառավարման համակարգին, ապա հեղինակավոր, այդ թվում՝ եվրոպական ընկերությունների հետ սկսվել են դրանց հնարավոր ներկրման շուրջ բանակցությունները»,- ասել է Գալստյանը էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի հարցերով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին նիստին։

Նշենք, որ Հայաստանում ատոմային նոր բլոկի կառուցման մասին համաձայնագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել է օգոստոսի 20-ին։ ԱԷԿ-ը կառուցելու համար արդեն իսկ ստեղծված է ռուս-հայկական համատեղ «Մեծամոր Ինտեր ՌԱՕ»-ն։ Այն կապահովի կայանի ոչ պակաս, քան 40 տոկոս արժեքը, եւս 60 տոկոսը նախատեսվում է ներդրողների հաշվին։ «Ռոսատոմը» ռուս-հայկական համատեղ «Մեծամոր Ինտեր ՌԱՕ»-ի բաժնետերն է։