Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշեց, որ հարսին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք են տարել 21 օր առաջ: Բժիշկները զննելուց հետո որոշել են նրան վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության:

Սկերսուրի խոսքով` 21 օր անց բժիշկներն առաջարկել են՝ «եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի»:

«Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, ասին` չէ: Դեղ դրեցին երեխուս, ազատվեց երեխես 18:30: Եկանք տուն` մաղարիչ անելու, մեր տանը լիքը ժողովուրդ: Մեկ էլ իմ հարսը զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ հասեք, արնահոսում եմ»,- պատմեց Քնարիկ Մնացականյանը:

Նրա պատմելով՝ անմիջապես գնացել են ծննդատուն, որտեղից հետո քաղաքի տարբեր թաղամասերից իրենց բնակարաններից կենտրոն են հասցրել համապատասխան մասնագետներին:

Հարազատներին առաջարկել են կնոջ կյանքը փրկելու համար հեռացնել արգանդը: Հարազատները համաձայնել են, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:

«Գնաց, 10 րոպե չտեւեց, եկավ ասեց` մահացավ»,- նշեց սկեսուրը:

Թե որն է եղել մահվան պատճառը, բժիշկները հստակ պատասխան չեն տվել ընտանիքի անդամներին:

Երիտասարդ կնոջ հարազատները վճռական են տրամադրված. անելու են ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն: