Գյումրիում անհատ տաքսիստներն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վարորդները նախ երթով շարժվել են ՀՀ Տրանսպորտային տեսության Արագածոտնի եւ Շիրակի մարզերի տարածքային բաժին՝ հանդիպելու Արտյոմ Անտիկյանի հետ: Վարորդները փորձել են պարզել՝ ինչու են իրենց 50 հազար դրամի չափով վարչական խախտման մասին նամակ ուղարկել:

Համաձայն նամակի բովանդակության անհատ տաքսի մեքենաների վարորդները կատարել են տաքսամոտորային փոխադրում՝ առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի, ինչի արդյունքում խախտել են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17 -րդ հոդվածի 1-ին կետը, որն էլ նախատեսում է տուգանք 50.000 դրամի չափով:

Վարորդներն այս խախտման հետ համաձայն չեն եւ պահանջում են հարցին լուծում տալ:

«Անտիկյանը մեզ ասում է , որ սա դեռ տուգանք չէ, այլ նախազգուշացում է , եւ որ մենք պետք է լիցենզավորվենք, հաջորդ թուղթը, որ եկավ նոր տուգանք կհամարվի ու պետք է վճարենք, բայց մենք չենք էլ պատրաստվի որ վճարենք ում եւ ինչի համար պիտի վճարեմ, որ մի քանի կոպեկ փող կաշխատիմ օրվա հացի փող կենեմ, չեմ վճարե ու վերջ ինչ կուզեն թող անեն»: Մեզնից կպահանջեն որ մտնինք հարկային դաշտ , գաղտնի կնկարեն ու նամակը տուն կբերեն , հետն էլ զգուշացնում են որ երկրորդ անգամ բռնինք տուգանք է, մենք չենք վճարելու, հազար դրամ կաշխատիմ, որ երեխեկիս հաց տուն տանիմ : Թող գործարան բերեն սարքեն էդ տաքսին չքշեմ , չենք մուծե ու վերջ տասը դրամ էլ չեմ մուծելու ու պիտի քշեմ: Մեզի մեր երկրի մեջը ամեն ինչից կզրկեն, թոշակառուներ ունենք տունը ով պիտի պահե, ես հարցին հեչ մարդ էլ չի պատասանե, մինչեւ մեզի չքերեն տանին հեչ մարդ էլ մեզի հեչ բան չի տա, մեզի կստիպեն մտնել հարկային դաշտ ըդպես կսեն, այսինքն կամ կմտնիս կամ կսատկիս: Հիմիկվա պայմաններով առաջարկում են, որ թողնինք երթանք էս երկրից, լավ էլ հայաթափման ծրագիրը իրագործում են »- NEWS.am-ի հետ զրույցում ասել են վարորդները:

Այնուհտեւ վարորդները շարժվել են Շիրակի մարզպետարան՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ, մարզպետարանի շենքի դիմաց հավաքված վարերոդներին մեծ թվով ոստիկաններ են հսկել: Մի քանի րոպե շենքի մոտ սպասելուց հետո, մարզպետն ընդունել է վարորդներին նրանց բողոքը լսելուց հետո, Հովսեփ Սիմոնյանը նրանց հորդորել է սպասել, մինչեւ խնդիրը կառավարությունում կբարձրացվի:

«Մարզպետն էլ վերջմնական պատասխան չտվեց , մենք կքշենք, թող ինքը փորձե լուծում գտնի կսպասենք, բայց որ հանկարծ մեզի էլի թուղթ եկավ չէ, թող էդ ժամանակ ոչ մեկը մեր քայլերից չնեղենա , մենք կանենք ամեն բան՝ մեր ընտանիքները պահելու համար , սա էլ մենք կզգուշացնենք »,-ասել են վարորդները: