Հայաստանի 3 խոշորացված համայնքներում ավարտվում են բարեկարգման մրցույթները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Հայտերը հենց համայնքների ներկայացուցիչներն են ներկայացնում։ Նրանք կարող են առաջարկել ցանկացած ենթակառուցվածք, որն օգտակար են համարում իրենց քաղաքների ու գյուղերի համար։

Հայտերը ներառում են ճանապարհների վերանորոգում, ավտոբուսային երթուղիների կազմակերպում, փողոցային լուսավորություն, կանգառների բարեկարգում, մանկապարտեզներ, շուկաներ։

Նախագծերը իրականացվելու են USAID–ի ու Զարգացման շվեյցարական գործակալության միջոցներով։ Սկզբում դրանք կիրականացվեն առաջին երեք խոշորացված համայնքներում  (Դիլիջան, Թումանյան ու Տաթեւ)։ Իսկ հետո նույնատիպ ծրագրեր են հայտարարվելու նաեւ 11 այլ համայնքներում, որոնք նույնպես պետք է խոշորացվեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը ծրագրում է շարունակել համայնքների խոշորացումը։ Պետությունը գործող «մեկ գյուղ մեկ համայնք» սկզբունքը ծախսատար է համարում։ Այդ պատճառով առաջարկվում է համայնքներում 7-8 գյուղ հավաքել կամ միավորել դրանք մոտակա քաղաքի հետ։

Նոր համայնքներն իրենց չափերով ներկա վարչական բաժանման ու երբեմնի ՀԽՍՀ շրջանների միջակայքում կլինեն։

Համայնքների խոշորացման առաջին հանրաքվեն անցել է Թումանյան, Դիլիջան եւ Տաթեւ համայնքներում (համապատասխանաբար Լոռիի, Տավուշի ու Սյունիքի մարզեր)։

Որպես նոր համայնքներ առաջարկվում են

Արագածոտնի մարզում՝ Ալագյազ եւ Ծաղկահովիտ (որտեղ 11 գյուղ կլինի)

Շիրակի մարզում՝ Ամասիա (9 գյուղ), Աշոցք (11), Սարապատ (15) եւ Արփի (9)

Սյունիքի մարզում՝ Մեղրի (Մեղրի քաղաքը եւ 12 գյուղ), Գորիս (քաղաքն ու 9 գյուղ), Գորայք (4 գյուղ), Թեղ (7)

Վայոց Ձորի մարզ՝ Վայք (քաղաքն ու 4 գյուղ), Ջերմուկ (քաղաքն ու 3 գյուղ), Զառիթափ (9 գյուղ)։