Հայկական դրամով արժեթղթերը օտարերկրյա ներդրողներին ավելի մատչելի են դառնալու։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ICDM ստանդարտի ներդրման մասին օրինագիծը։

Օրինագիծը շատ օգտակար կլինի, քանի որ հիմա օտարերկրյա ներդրողների կողմից հայկական դրամով արժեթղթերի գնումը շատ արդիական թեմա է, հավելել է նա։ Երբ օրինագիծն ուժի մեջ մտնի՝ այդ արժեթղթերը հնարավոր կլինի արտասահմանյան գործընկերներին առաջարկել ֆորվարդային կամ սվոփային գործարքներով։ Այդ դեպքում պայմանագրում հնարավոր կլինի պայմանավորվել, թե ներդրողը տեղական բաժնետոմսեր կամ արժեթղթեր գնելիս ինչ փոխարժեքով է արտարժույթը փոխանակելու դրամի, իսկ հետո նաեւ նախապես ամրագրել, թե եկամուտը ստանալուց հետո նա ինչ փոխարժեքով է դրամը փոխանակելու արտարժույթի։

Նման պայմանագրեր կարելի է կնքել արդեն հիմա ISDA տիպային պայմանագրի հիման վրա։ Դրա համար նաեւ տեխնիակական հնարավորություն կա՝ Clearstream քլիրինգային կենտրոնի լինքը, որը 2016-ի կեսերից գործում է Հայաստանում երկկողմանի ռեժիմով ( Հայաստանում եւ Հայաստանից գործարքների համար) ։

Եթե նման պայմանագիրը գործում է նորմալ պայմաններում, խնդիրներ չեն ծագում։ «Իսկ եթե գործարքի մասնակիցներից մեկը չկատարի՞ իր պարտավորություններչը։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է նրա գործընկերը իրացնի բազային ակտիվը։ Եվ ահա հիմա օրենսդրական բարեփոխումները այդ ակտիվների հաշվարկի ու գնահատման նաեւ պայմանագրերի հետ կապված խնդիրների դեպքում դրանց իրացման միջազգային չափորոշիչներ կառաջարկեն։ Դրա շնորհիվ պայմանագրերը ընդունելի կդառնան ներդրողների համար»,- պարզաբանեց Սարոյանը։

Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները մշակվել են Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ՝ Սվոփների ու դերիվատիվների միջազգային ասոցացիայի (ISDA) մոդելով։