Արցախում հունիսին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանը շուրջ մեկ ամիս առաջ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնից դուրս է գրվել, թեեւ սուր գլխացավեր ունի, տեսողությունն ու հիշողությունն էլ չեն վերականգնվել:

«Բժիշկներն ասում են, որ հիշողությունը ժամանակի խնդիր է, իսկ տեսողության համար ոչինչ չեն ասում: Հետազոտվել է Ալբերտը ու պարզվում է՝ նյարդն է վնասվել: Թե ինչ պետք է լինի, մենք էլ չգիտենք, բժիշկներն էլ հստակ ոչինչ չեն ասում: Հիմա էլ սուր գլխացավեր ունի, պիտի նորից հետազոտման գնանք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալբերտի մայրը` տիկին Արմինեն:

Տիկին Արմինեն հայտնեց նաեւ, որ Ալբերտը սկսել է խոսել, արդեն իր անունն ու ազգանունը կարողանում է արտաբերել: Մոր խոսքով, որդու հետ լոգոպեդ է աշխատում, որի շնորհիվ էլ նա սկսել է բառեր արտաբերել:

Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորումը ստացել է հունիսի 24-ին Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Ավագ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո ընտանիքը վերադարձել է Երեւան եւ հիմա վարձով է ապրում: Ի դեպ, Դալլաքյաններն օգնության համար դիմել էին պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանին, սակայն մերժում էին ստացել: