Հայաստանում հարկվող տնտեսությունն ավելի համեստ տեղ ունի, քան ստվերայինը: Հոկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ Հայաստանի տնտեսության իրական ներուժը ստվերում է եւ չի օգտագործվում:

«Բնակչության եւ գործարարների մոտ ժամանակավորապես ազատ միջոցներ կան, որոնք ճիշտ չեն օգտագործվում: Դրանք պետք է ներգրավել եւ վարկերի տեսքով հատկացնել մանր գործարարներին»,- ասաց նա ու հավելեց. «Հատկապես շեշտեմ, որ առեւտրային բանկերը չեն, որ օգտագործում են իրենց գումարները տնտեսության աշխուժացման համար: Պետական եւ միջազգային կառույցներից փոխառված միջոցներով պետք է այդ աշխուժացումը տեղի ունենա»:

Մանասերյանի կարծիքով, պետությունը պետք է թելադրի խաղի կանոններ, եւ բանկային տոկոսները չպետք է անցնեն 5-6 տոկոսից: «Առանց փոքր, միջին բիզնեսի չի կարող տնտեսություն զարգանալ: Սփյուռքի տնտեսական ներուժը չի օգտագործվում: Առայժմ հաշվառված չէ, եւ պատկերացում էլ չունենք այդ ներուժի մասին»,- ընդգծեց նա: