Ստեղծված իրավիճակում խոսքը գնում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, բայց այս դեպքում Հայաստանի կարծիքը կողմերից ոչ մեկին չի հետաքրքրում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ-ը սպառնացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան թույլ չտա իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել:  

«Խոսելով «եթե…,ապա…» լեզվով, կարելիէ ենթադրել, որ եթե Թուրքիան կատարի ԱՄՆ-ը պահանջը, ապա առաջիկա տարիներին հայկական կողմը պետք է մոռանա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը երբեմն դեմ է դուրս գալիս ԱՄՆ-ի պլաններին, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը կճանաչի ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ում դեռ երկար ժամանակ է օդում կախված մնալու»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում հայկական լոբբիին, ապա Մեհրաբյանի կարծիքով, այդ գործունեությունը կրում է զուտ տեխնիկական բնույթ: «ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է ցեղասպանության հարցը ելնելով իր պետական շահերից: Իսկ մնացածը զգացմունքային ֆոն են, նախատեսված լրատվամիջոցների համար»,-ասաց նա:

Նշենք, որ ինչպես հաղորդել է թուրքական Hurriyet Daily News-ը, «ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան չհամաձայնի իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել»: