Վարչապետ Կարեն Կարապետյանը չի հասկանում՝ ինչո՞ւ են գազի գնի նվազեցումը կապում նախընտրական շրջանի հետ, եւ ինչո՞ւ է ընդհանրապես նման հարց առաջանում։ Այդ քայլի հետեւում այլ մոտիվացիա փնտրելու փոխարեն նա առաջարկում է այն գնահատել այլ տեսանկյունից. երկրի համար դա լավ է, թե՞ վատ։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 5-ին, Արցախ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը:

«Ի՞նչ մոտիվացիա. ասում են՝ նախընտրական է, պոպուլիստական է։ Եթե ընտրություն չլիներ, ի՞նչ եք կարծում, չէի՞նք անելու։ Ո՛չ, նախընտրական չէ։ Ես ամիսուկես առաջ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, եւ խելքս կտրել է նման բան անել։ Իմ առաջին նպատակային ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է, եթե որեւէ մեկն ուզում է մեկնաբանել, որ նախընտրական է, թող մեկնաբանի: Եթե նույնիսկ նախընտրական է, լա՞վ է, թե՞ վատ»,- հարցրել է նա:

Նրա խոսքով՝ իրականում վեց ամիս հետո կայանալիք ընտրություններն իր կառավարությանը խանգարում են:

«Նախընտրական ժամանակահատվածը ոչ մի երկրում ակտիվ չի լինում։ Սպասողական իրավիճակ է լինում՝ բիզնեսն է սպասում, հասարակությունն է սպասում: Ասել եմ, որ չափազանց կարևոր է, որ հասարակության հետ հետադարձ կապ ունենանք, որ հասարակությունը մեզ հավատա, որովհետև մենք առանց աշխատող, գործարար, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդու երկրում բան չենք կարող փոխել»,- ասել է նա։

Հարցին, արդյոք սա վեց ամսվա կառավսարություն չէ, վարչապետը պատասխանել է հարցով. «Ես որ ասեմ, եկել եմ վեց ամսով, դուք ինձ կհարգե՞ք»: