Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ  (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող  «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, նոյեմբերի 15-16-ը կազմակերպել է «Հյուրատների կառավարում» եւ «Հաճախորդների սպասարկում» թեմաներով անվճար դասընթաց` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում եւ հարակից համայնքներում զբոսաշրջության ոլորտում գործող 12 գործարարի համար, ինչպես նաեւ տրամադրել է անհատական խորհրդատվություն`  այցելելով շահառուներին:

Դասընթացն իրականացրել է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: Այն  ներառել է «Հյուրատների կառավարում» եւ «Հաճախորդների սպասարկում» թեմաները:   «Հյուրատների կառավարում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հյուրատների ներքին կանոնակարգի մշակմանը, հարմարությունների եւ սննդի կազմակերպմանը, գնագոյացմանը, ինքնարժեքի հաշվարկմանը, մարքեթինգային գործիքների կիրառմանը, գովազդային գործունեության կազմակերպմանը, ֆինանսների կառավարմանը, ինչպես նաեւ ոլորտի գործունեությունը կանոնակարգող իրավական օրենսդրությանը: 

«Հաճախորդների սպասարկում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հաճախորդների կարիքների բացահայտման, հաճախորդների տարբեր խմբերի սպասարկման առանձնահատկությունների, սպասարկման կանոնների, լրացուցիչ ծառայությունների տրամադրման վերաբերյալ եւ այլ հարցերին:

Խորհրդատուները ծրագրի մասնակիցներին տրամադրել են նաեւ անհատական խորհրդատվություն, որի ընթացքում տեղում ուսումնասիրվել են մասնակցի խնդիրները եւ առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:  Իրականացված դասընթացի  եւ անհատական խորհրդատվական հանդիպումների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստացել ավելի հստակ պատկերացնել սեփական բիզնեսի կառավարման առանձնահատկությունները:

Նշենք, որ 2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը» (CARD), Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը: