Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան եւ հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:

Այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշեց, որ սա փորձնական փոխադրում էր:

«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները եւ համատեղ աշխատանքով փորձել վերացնել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի եւ գնի վրա»,-նշեց նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով` կոնտեյներները Փոթիից Երասխ են հասցվել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել հետագայում այդ ժամանակը հնարավորինս կրճատելու ուղղությամբ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով` փորձնական փոխադրումը հաստատեց, որ նախագիծն իրատեսական է:

Սերգեյ Վալկոյի խոսքով` բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլեւ հուսալի է: «Եվրոպայի տարածքում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչեւ բեռը կհասնի Թեհրան: Այսինքն՝ բեռը տեղ է հասնում այն նույն վիճակում, ինչպիսին եղել է ճանապարհի սկզբում»,- ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարը:

«Բացի տնտեսական ակտիվությունը մեծացնելուց, այս երթուղու ստեղծումը նաեւ ռազմավարական նշանակություն ունի: Հաշվի առնելով հարեւան երկու պետությունների հետ փակ սահմանները` չափազանց կարեւոր է, որ մենք ունենանք կայուն աշխատող տրանսպորտային միջանցք»,- ասաց Արթուր Առաքելյանը: Նրա համոզմամբ` այս ծրագիրը կնպաստի նաեւ հարեւան Իրանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմանը:

Արթուր Առաքելյանը կարեւորեց նաեւ Իրանում Հայաստանի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանների դերակատարությունը կողմերի միջեւ արդյունավետ քննարկումներ անցկացնելու գործում: