Մինչ օրս գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որն ընդունել են ղարաբաղյան հակամարտության երեք կողմերը։ Այս մասին նոյեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ փաստաթուղթն ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Քոչարյանը նշեց, որ այլ փաստաթղթեր գոյություն չունեն։ Մնացած բոլորը այդ փաստաթղթի այս կամ այն ձեւափոխությունն են, որոնք չեն հասել համաձայնության փուլին։ Կազանի փաստաթուղթը մի փոքր փոփոխված, բայց իր էությամբ նույն Մադրիդի փաստաթուղթն է, որը նույնպես չի համաձայնեցվել։ Ենթադրվում էր, որ Կազանում կողմերը պետք է հաստատեն սկզբունքները։ Դրանց հիման վրա հնարավոր կլիներ սկսել մշակել համաձայնությունը Ղարաբաղի հետ համաձայնեցնելուց հետո, եթե Ադրբեջանը չձախողեր հանդիպումը։ Փոխնախարարի խոսքով՝ ցանկացած համաձայնության մեջ առաջին տեղում պիտի լինի ինքնորոշման հարցը։

«Մադրիդյան փաստաթուղթը երազանքի փաստաթուղթ չէր։ Բայց այն հաշվի է առնում ինքնորոշման գործոնը»,– ասաց փոխնախարարը։ Միաժամանակ նա հավելեց, որ այն նախատեսում էր «հետաձգված հանրաքվե», որը Ադրբեջանի իշխանությունները բացատրում էին հասարակությունը Ղարաբաղի կորստյան գաղափարին  նախապատրաստելու անհրաժեշտությամբ։ «Հարց, իսկ ի՞նչ են արել Ադրբեջանի իշխանություններն անցյալ 20 տարում, որպեսզի հասարակությանը պատրաստեն այդ մտքին։ Այդ պատճառով մադրիդյան փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը չպետք է փոխվի»,–  կարծում է Քոչարյանը։

Խոսելով փաթեթային կամ փուլային տարբերակի առաջնայնության մասին՝ Քոչարյանը հիշեցրեց, որ անգամ փաթեթային տարբերակը ենթադրում է փուլային իրականացում։ «Քանի որ ամեն դեպքում պետք է ելնել նրանից, որ մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը ցանկացած պահի կարող է հրաժարվել ձեռք բերած համաձայնություններից»,– ասել է Քոչարյանը։

Խոսելով «Լավրովի պլանից»՝ նա արդեն որեորդ անգամ նշեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ «Պատկերացրեք նման իրավիճակ։ Մենք Քերրիի միջոցով փոխանցում ենք Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչելու եւ տարածքների վերադարձի մասին մեր առաջարկը։ Քերրին մեր առաջարկը փոխանցում է, եւ մենք հայտարարում ենք, որ կա «Քերրիի ծրագիր»։ Ես պատահաբար չեմ այս օրինակը բերում։ Կողմերը միջնորդների միջոցով առաջարկներ են փոխանցում, եւ ճիշտ չէ հետո դրանք պլան կոչել։ Լավրովը նույնպես բազմիցս հերքել է իրեն  վերագրվող պլանը»։