Վաշխառուի պատճառով տնից զրկված Շահբազյանների 13-ամյա որդուն՝ Հարությունին, որը ծնողներին օգնելու համար դասից հետո Երեւանի կենտրոնական փողոցներում անձեռոցիկ է վաճառում, ոստիկանները նոյեմբերի 28-ին բերման են ենթարկել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Մանուշը: Նա նշեց, որ Հարությունը սովորականի նման, դասից հետո գնացել է անձեռոցիկ վաճառելու, սակայն, ոստիկանները առանց որեւիցե պատճառաբանություն ներկայացնելու, ուժ գործադրելով՝ փողոցից տարել են ոստիկանություն:

«Գնացել եմ Կենտրոնի ոստիկանություն, ես հղի կին եմ, ինձ ոստիկանները ձեռք էին առնում: Ասում էին՝ ողորմելի եք, մուրացկանություն եք անում, զանգում եք լրատվամիջոցներին, որ ձեզ պաշտպանեն, դուք ի՞նչ կարաք, որ ինչ էլ անեք մեր դեմ: Ես իրենց հարցնում եմ՝ ինչ է արել  տղաս, հո՞ գողություն չի արել, որ բերման եք ենթարկել, նա ընդամենն ուզում է օգնել մեզ, ասում են՝ լավ ենք արել»,-ասաց նա:

Տիկին Մանուշը նշեց, որ 13-ամյա Հարությունին ոստիկանություն տանելիս բռնության են ենթարկել: Ոստիկանությունից հետո ծողները նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հետազոտելուց հետո ասել են՝ երեխան վախեցած է. «Անընդհատ քթից արյուն էր գալիս, փսխում էր, գլխացավ ուներ: Բայց նորից գնացել է անձեռոցիկ վաճառելու, չմնաց տանը, ասում է՝ բա ոնց պետք է ձեր դեղերն առնենք, որ մնամ տանը»:

Ավելի վաղ տիկին Մանուշը մեզ հետ զրույցւոմ նշել էր, որ 13-ամյա Հարությունն ամեն օր, դասից հետո Երեւանի կենտրոնակում փողոցներում անձեռոցիկ է վաճառում՝ հիվանդ եղբոր եւ հղի մոր համար դեղամիջոց գնելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շահբազյանները վաշխառուի պատճառով տունը կորցնելուց հետո հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 19-ին, ոստիկանները կրկին փորձել են երեք անչափահասների հետ հանրակացարանի նկուղում ապրող Շահբազյաններին հանել տարածքից: