ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն եւ համբերություն: Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգեւում: