Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտնել է երկրի տարբեր քաղաքներում իր գրասենյակների վրա գիշերային հարձակումների մասին եւ դրա պատասխանատվությունը դրել իշխանությունների վրա։ Այս մասին ասվում է կուսակցության գրավոր հայտարարության մեջ։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ստամբուլի գրասենյակի դեմ հարձակման մասին։ Անհայտ անձինք դիմակներով վնասազերծել են պահակին, կոտրել դուռը եւ հրդեհել գրասենյակը, որից հետո դիմել էին փախուստի։ Հրդեհի հետեւանքով պայթյուն էր տեղի ունեցել։ Տուժածներ չեն եղել։

Այս հարձակումը տեղի էր ունեցել Կայսերիում ահաբեկչությունից հետո։ Այնտեղ ականապատված մեքենան պայթել էր ավտոբուսի մոտ, որտեղ զինվորներ ու ենթասպաներ էին եղել։ 13 զինվորական մահացել էր, 55-ը՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները ահաբեկչությունը կազմակերպելու մեջ մեղադրել էին Քուրդիստանի բանվորական կուսակցությանը։

«Այս գիշեր հարձակումներ են եղել Ստամբուլի տարբեր շրջաններում գտնվող մեր գրասենյակների վրա։ Հարձակումներ են եղել նաեւ Անկարայում, Քոջաելիում, Չանաքքալեում, Էրզինջանում եւ շատ այլ քաղաքներում։ Պաշտոնատար անձինք չէին պատասխանում մեր զանգերին, եւ դա ցույց է տալիս, որ խրախուսում են այդ հարձակումները։ Նրանք, որոնք միջոցներ չեն ձեռնարկել այդ հարձակումների դեմ, նոր սադրանքների շանս են տալիս»,-ասված է քրդամետ կուսակցության հայտարարությունում։

Երկրի ՆԳՆ-ն իր հերթին հերքել է քրդամետ կուսակցության հայտարարությունը. «Կուսակցության հայտարարությունները, թե իր գրասենյակների վրա հարձակումների հետ կապված միջոցներ չեն ձեռնարկվել, ճիշտ չէ։ Բոլոր միջոցները ձեռնարկվել են, հարձակումների փաստի առթիվ հետաքննություն է սկսվել»,-ասված է ՆԳ նախարարության հայտարարությունում․