Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տուժածների իրավահաջորդների մի մասի շահերը ներկայացնող փաստաբան Արամազդ Կիվիրյանը հայտնել է, որ դատավճիռը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Արթուր Սաքունցը։ Ավելի ուշ ներկայացվել էր Վալերի Պերմյակովի հայտարարությունը բողոքարկումից հրաժարվելու ու դատարանում ներկա գտնվելու ցանկություն չունենալու մասին։

Դեռ առաջին ատյանի դատարանում փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որը ներկայացնում է տուժածների իրավահաջորդներ Անահիտ Քոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի ու Անդրանիկ Պողոսյանի շահերը, ներկայացրել էր վնասի փոխհատուցման մասին քաղաքացիական հայց ։ Հայցը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր մեծահասակ անդամի համար 50-ական հազար եվրո, ու 100 հազար եվրո՝ երեխաների՝ Հասմիկ ու Սերյոժա Ավետիսյանների համար։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։ Ըստ դատավճռի, Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։