NEWS.amը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Գոռ Գրիգորյան (Եգոր Գլումով) - ռադիո- եւ հեռուստահաորդավար, շոումեն

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Նման օրենք պետք չէ ո՛չ մեզ, ո՛չ էլ առհասարակ որեւէ մեկին, քանի որ մենք չենք որոշել, որ պիտի ապրենք, ուստի մենք չպիտի որոշենք, թե երբ մահանանք։ Առավել եւս, եթե խոսքը երեխաների մասին է։ Նրանք իրավունք չունեն որոշել, զրկվել կյանքից, թե ոչ։ Մի խոսքով՝ էվթանազիան սպանություն է։ Ես կտրականապես դեմ եմ, անգամ ծանր հիվանդությունների դեպքում։

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Ինքս ինձ ես միանշանակ չէի ցանկանա  կլոնավորել։ Մեկ Գլումովը լրիվ հերիք է։ Գիտեք, մարդը շատ երկար կարող է փորփրել այս ամբողջ պատմությունը, բայց ստեղծել այն, ինչ ստեղված է վերին բանականության կամ բնության կամ էվոլյուցիայի միջոցով, միեւնույնն է չի հաջողվի։ Ես, իհարկե, կողմ եմ, որ գիտությունը զարգանա, բայց որ դա չվերածվի այլասերման։

Ես վախենում եմ, որ մենք միջամտում ենք այն գործերին, որոնց միջամտել բոլորովին պետք չէ։  Մենք ինքներս մեզնից գլուխ հանել չենք կարող, չենք կարող մինչեւ հիմա հասկանալ գաղտնիքները, որոնք շրջապատում են մեր բարդ փոխհարաբերությունները, սակայն ուզում ենք կրկնել այն, ինչն արարել է բնությունը կամ Աստված, ոնց կուզեք։

Բացի այդ, կլոնավորումը կօգտագործեն ոչ այնքան կարգին մարդիկ ոչ այնքան լավ նպատակներով, ինչպես դա արդեն եղել է պատմության մեջ, երբ ոչ այնքան բարի մարդկանց ձեռքում հայտնվել է այս կամ այն տեխնոլոգիան։ Դա ե՛ւ ատոմային էներգիան է, ե՛ւ սպառազինությունների ու ճառագայթումների այլ տեսակները, դա նաեւ տիեզերքն է, որն իբր թե ուսումնասիրում են խաղաղ նպատակներով, բայց ամենասկզբից եւ մինչեւ հիմա դա արվում զուտ ռազմական պատկերացումներից ելնելով։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Ես պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ, քանի որ հասկանում եմ, որ իմ օրգանները՝ սիրտը, թոքերը, երիկամները եւ այլն, երբ որ ինձ այլեւս չպետք չլինեն, կարող են պետք լինել ուրիշ մարդու կյանքը փրկելու համար։

Ես կարծում եմ, որ այդպես պիտի լինի։ Այս հարցում նյարդայնացնում է միայն վազվզոցն ու թղթաբանությունը՝ գնալ ինչ–որ մեկի մոտ, ինչ–որ բան ստորագրել, կտակել…

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Չեմ վախենում մեռնել, դա անխուսափելի է։ Եթե միայն ինձ անմահություն առաջարկեին, ես կհրաժարվեի։ Եթե ինձ թույլ տային կազմել այն մարդկանց ցուցակը, որոնց ես ուզում եմ իմ կողքին տեսնել այդ անմահ կյանքում, այդ դեպքում՝ այո։

Իսկ բարոյա–փիլիսոփայական տեսանկյունից ես արդեն անմահ եմ, քանի որ երեխաներ ունեմ, եւ ես վստահ եմ, որ նրանք էլ իրենց երեխաները կունենան եւ այդպես շարունակ։

Աբորտների մասին

Երբ ես ավելի երիտասարդ էի, ծայրահեղ կտրական դիրքորոշում ունեի այդ հարցում։ Բայց ժամանակի հետ հասկացա, որ լինում են դեպքեր, երբ դա անխուսափելի է։ Օրինակ, երբ խոսքը ծանր հիվանդությունների մասին է, չեմ ուզում անգամ ծավալվել այդ հարցի շուրջ, որպեսզի ոչ մեկի վրա չկռկռամ։ Չէ՞ որ Տիեզերքը մեզ լսում է։ Այդ դեպքերում յուրաքանչյուրն իրավասու է ինքը որոշել։

Ինձ չգիտես ինչու թվում է, որ երեխան համարվում է ողջ է եւ հոգի ունի ոչ թե ծննդյան, այլ բեղմնավորման պահից։ Այդ պատճառով աբորտի մասին պետք է միլիարդ անգամ մտածել, նախքան այդ քայլին դիմելը։

Աղքատների եւ ողորմության մասին

Տալիս եմ, եթե նրանք իրոք աղքատության մեջ են։ Հիմնականում դա վերաբերում է տարիքով մարդկանց։

Գիտեք ոնց. կան աղքատ աղքատներ եւ պրոֆեսիոնալ աղքատներ։ Ես արդեն սովորել եմ նրանց տարբերակել։ Հագուստից, պահվածքից։ Առաջին տեսակի մարդիկ սովորաբար ամաչում են, նրանք նեղվում են օգնություն խնդրել։

Վատ եմ զգում, երբ երեխաների եմ տեսնում։ Բայց նրանց դեպքում վերջին ժամանակներս ավելի հեշտ է, քանի որ տարբեր ֆոնդեր կան։ Ես կապ եմ  հաստատում դրանց հետ, մենք փորձում ենք օթեւան գտնել նրանց համար եւ պարզել, թե ով է ստիպում մուրացկանությամբ զբաղվել։ 100–ից 99 դեպքերում հենց այդպես էլ լինում է։

Ինչ վերաբերում է ողորմություն խնդրող առողջ կանանց եւ տղամարդկանց, ապա նրանց հետ ես բավականին կոպիտ եմ։ Չեմ հասկանում եւ չեմ ընդունում։

Մեկ խորհուրդ երեխային

Եղի՛ր նա, ով կաս։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիք Էվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում