Բոլորովին վերջերս Ղարաբաղի Մարտակերտ շրջանում հայտնաբերված քարե կլոր հուշաքարերը ամենայն հավանականությամբ բնության ստեղծագործությունն են, այլ ոչ թե մարդու։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար, Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։

Նրա խոսքով այդ քարերի մասին հնագետներին հայտնել է ստեփանակերտցի մի երիտասարդ, այդ նորությունը հետաքրքրություն է առաջացրել գիտական շրջանակներում, ու շատերն այդ գտածոն սենսացիոն են համարել։ Ենթադրություններ են հայտնել, որ դա երկանաքար է կամ ձիթհանի քար, սակայն Համլետ Պետրոսյանը հակված է կարծելու, որ այդ քարերը մարդու ձեռքով չեն ստեղծվել։

Նրա խոսքով, քարերը ունեն շրջանի կամ էլիպսի ձեւ, ներսում անցք։ Որոշ անցքերում գտնվում է երկրորդ կլոր քարը, ասես դեղնուցը ձվի սպիտակուցի մեջ։ Այդ հուշարձանների տրամագիծը 1-ից 3,5 մետր է։ Արցախյան լեռների տափաստանային մասում մի քանի հարյուր նման քարեր կան։

Քարերի գտնվելու վայր ուղեւորությունից հետո Համլետ Պետրոսյանը հանգել է այն եզրակացության, որ հնարավոր է այդ քարերը ջրի տակ էին գտնվում, ու դրանք ջուրն է հղկել։ Հնարավոր է դրանք կենդանի օրգանիզմների քարացած մնացորդներ են, հնարավոր է՝ դրանք հանքային ծագում ունեն։ Ամեն դեպքում այդ քարերի հանելուկը կարելի է հասկանալ միայն հետագա հետազոտությունների օգնությամբ։