Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները NEWS․am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո աշխարհի ուշադրությունը կրկին սեւեռվեց Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վրա, որտեղ վերջին օրերին տեղի ունեցան մեծ աղմուկ հանած երկու միջադեպ։ Անկարայում ոստիկանի կողմից սպանվում է ՌԴ դեսպանը, իսկ դրանից օրեր անց Սիրիայում ԻՊ-ի զինյալները նվաստացնում ու ողջակիզում են գերի վերցված թուրք զինվորներին։

2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 ռազմական օդանավը խոցելուց հետո Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հարցում հայտնվել էին խիստ «դիսկամֆորտի» մեջ,  քանի որ ՌԴ-ն Թուրքիային ուղղակի խաղից դուրս թողեց Սիրիայում։ Սակայն Էրդողանը ամիսներ տեւած համառությունից հետո հետքայլ արեց, ներողություն խնդրեց ՌԴ-ից ու փորձեց ՌԴ-ից թույլտվություն ստանալ Սիրիայում «ինքնադրսեւորվելու համար, ինչը արտաքին քաղաքականության մեջ խիստ ֆիասկո ապրած Էրդողանի համար փոքրիկ փրկօղակ էր հանդիսանալու։ 

ՌԴ-ի, Իրանի ու Սիրիայի իշխանությունների գաղտնի համաձայնությամբ Թուրքիայի զինուժին հնարավորություն տրվեց  «Եփրատի Վահան» գործողության անվան տակ ներխուժել Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով։ Ճիշտ է  սկզբնական շրջանում Թուրքիայի հիմնական թիրախը Սիրիայի քրդերից կազմված ու ԱՄՆ-ի ու ՌԴ-ի աջակցությունը վայելող զինված միավորներն էին, սակայն ՌԴ-ին հաջողվեց Թուրքիան դուրս բերել դեմ առ դեմ հենց «Իսլամական պետության» հետ ու «ճաշակել» Սիրիայում գտնվելու «հաճույքը»։

Ավելին, ՌԴ-ն, տեսնելով Թուրքիայի ու Արեւմուտքի խիստ անբարենպաստ հարաբերությունները, կարողանում է Թուրքիային ստիպել Սիրիայում ՌԴ-ի, Ասադի ու Իրանի շահերին համահունչ քայլեր անել։ ՌԴ-ին հաջողվում է Թուրքիային ստիպել Մոսկվայում ՌԴ-ի ու Իրանի հետ համատեղ համաձայնագիր ստորագրել Սիրիայի հարցով։ Չխորանալով համաձայնագրի կետերի մեջ՝ կարելի է ուղղակի ասել, որ այնտեղ փաստվում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Թուրքիան փաստացի ստորագրում է Ասադի, Իրանի ու ՌԴ-ի շահերին համահունչ փաստաթղթի տակ։ Հաշվի առնելով Սիրիայի հարցով թուրքական իշխանությունների քաղաքականությունը, այս փաստը սենսացիոն է։

 Այս փաստաթղթի ստորագրվելուն զուգահեռ Սիրիայում կարեւորագույն քաղաք հանդիսացող Հալեպից ՌԴ-ի, Իրանի, Ասադի ու Թուրքիայի պայմանավորվածությամբ դուրս են բերվում այսպես ասած ընդդիմադիր տարատեսակ արմատական խմբավորումները, որոնց մի մասը կազմավորվել է ԱՄՆ-ի, Թուրքիայի, արաբական երկրների կողմից ու դեռ շարունակվում են ուղղորդվել այդ երկրների կողմից «ընդդիմադիր» անվան տակ։
Հալեպից զինված այս խմբավորումները հեռացնելն ու քաղաքը Սիրիայի կառավարական զորքերի տրամադրության տակ հանձնելը Թուրքիայի հերթական պարտությունն էր ու ՌԴ-ի ձեռքբերումը։

Սակայն, այս իրադարձություններին զուգահեռ Թուրքիայի մայրաքաղաքում ոստիկանի կողմից սպանվում է ՌԴ դեսպանը։  Շատերի սպասումներին հակառակ, ՌԴ-ն ցուցաբերում է սառնասրտություն ու ավելին, սկսվում է ՌԴ-Թուրքիա հարաբերությունների ջերմացման նոր փուլ։
Փորձագետների մի մասը գտնում են թե Թուրքան երկրորդ անգամ հարվածում է ՌԴ-ին, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ լրիվ այլ ուղղությամբ գ են իրադարձություններն ընթանում են։ Անմիջապես տարածվում է պնդում, որ սպանությունն ուղղված էր ռուս-թուրքական մերձեցող հարաբերությունների դեմ ու երկու երկրների նախագահներն էլ իրենց խոսքերում հաստատում են այդ վարկածը։

Սպանությունից հետո տեղի է ունենում ՌԴ նախագահի ու Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը։ Հեռուստաընկերությամբ Էրդողանը հայտարարում է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի մանրամասները։ Էրդողանն անճանաչելի էր այդ հայտարարությունն անելիս, նա խառնված էր, մտահոգ ու դժվարանում էր բառերն իրար կապել։

Սակայն ուշադրության ավելի արժանի էր Էրդողանի հայտարարության բովանդակությանը։ Էրդողանը Պուտինին առաջարկել էր նախագահական օդանավով ճանապարհել դեսպանի դին, ինչը մերժել էր Պուտինը։ Նման անվստահությունն արդեն կարող էր խնդիրներ առաջացնել, սակայն Էրդողանը համաձայնվել է։ Ավելին, Պուտինը պահանջել է սպանությունը հետաքննել միասին, ինչը եւս սուվերեն պետության արդարադատության համակարգի նկատմամբ անվստահության արտահայտություն է ու վիրավորանք, սակայն այստեղ եւս Էրդողանը զիջել է։

Իրար միացնելով իրադարձությունների շղթաները, կարելի ասել, որ ՌԴ-ին այս փուլում հաջողվել է Թուրքիային բերել իր ազդեցության տակ։
Սակայն ՌԴ դեսպանի սպանությունից օրեր անց «Իսլամական պետությունը» համացանցով տեսանյութ է հրապարակում, թե ինչպես են նվաստացնում ու ողջակիզում գերեվարված երկու թուրք զինվորներին։

Թուրքիայում սա մեծ շոկ է առաջացրել։ Կատարվածն այն աստիճան էր հանկարծակի բերել ու շփոթեցրել թուրքական իշխանություններին, որ որեւէ պետական պաշտոնյա կամ գերատեսչություն հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը շատ ուշացումով միայն հայտնեց, թե երկու զինվոր անհետ կորած են ու կրկին չհաստատեց ողջակիզման փաստը։

Պետք է շեշտել, որ Թուրքիայի հասարակության զգալի մի մասը անթաքույց համակրում է «Իսլամական պետությանը» եւ այս դեպքը իրականում խիստ խառնաշփոթ ու անհասկանալի վիճակ է ստեղծել Թուրքիայում։ Ողջակիզման դեպքի դեմ բողոքի են դուրս եկել միայն սոցիալիստական հայացքներով մի քանի կառույցների ակտիվիստներ։

Սակայն խնդիրն այնքան երկու զինվորի կորուստը չէ, որքան այդ զինվորներին սպանելու մեթոդը։ Պետք է շեշտել, որ ողջակիզման արարողությունը շատ լավ կազմակերպված էր, ընդհուպ մինչեւ տեսանյութի պրոֆեսիոնալ մատուցումը։ Երկու թուրք զինվորներին հանում են վանդակներից, շան նման պարանոցներից կապած, չորեքթաթ ման տալիս ու վերջում հեռակառավարման սարքի միջոցով տեղի է ունենում զինվորներին կապած պարանի բռնկումն ու կրակի դանդաղ շարժվելը դեպի զինվորներ․․․։

Սպանության այս տեսարանը հատուկ «մեսիջ» է Թուրքիային։ Պատահական չի տեսանյութում երկու զինվորներին շան նման չորեքթաթ ման տալը։ Այսինքն, այն Թուրքիային ծնկի բերելու ու նվաստացնելու ուղերձն էր կրում։

Մերձավոր Արեւելքում ամեն ինչ շատ արագ է փոխվում, եթե Թուրքիան մեղադրվում էր ԻՊ-ին աջակցելու մեջ, ապա ներկայում ԻՊ-ը յուրահատուկ ձեւով է պատասխանում։ Ուղղակի հարցը նրանում է, թե ո՞ր ուժի կողմից է ուղղորդվել թուրք զինվորների ողջակիզումը։ Դրա մասին էլ կարելի է կռահել՝  կրկին հետ նայելով վերջին օրերի զարգացումները։

Սիրիական հակամարտության սկզբում արդեն բազմաթիվ զգուշացումներ եղան Թուրքիային՝ չմտնել սիրիական ճահիճ, սակայն մեծ խաղացողները չէին կարող «աչքաթող» անել Թուրքիայի մեծ ցանկությունը ու նրան էլ չհրավիրեին «խրախճանքին», որտեղ Թուրքիայի կորուստները վերջին մի քանի օրվա մեջ մեծ թվերի են հասել թե մարդկային, թե զինտեխնիկայի առումով։  Ու երեւի արժի հիշատակել նախագահ Էրդողանի քաղաքական կնքահայր ու Թուրքիայի քաղաքական կյանքում մոտ 30 տարի եղանակ ստեղծած Նեջմեթին Էրբաքանի խոսքերը․ «Եթե դրսի ուժերը սկսեն Սիրիային կպնել, ուրեմն թիրախը Թուրքիան է»։