Այսօր՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ «Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,-նշել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արեւելյան /Ակնա/ ուղղությամբ:
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության փոխանցմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: