Արդեն չորս-հինգ տարի Թուրքիայի քաղաքական համակարգը շարունակում է ենթարկվել ցնցումների, ինչի արդյունքում այն վերածվել է փորձարարական մտահղացումների հարթակի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

«Այն ինչ տեղի է ունենում Թուրքիայի ներքաղաքական կյանքում քաղաքական կարճատեսության, իսկ գաղափարախոսական դաշտում կույր ազգայնամոլության, իսլամականության, ռեվանշիզմի եւ ծավալապաշտության բարդ համադրության դրսեւորումներ են։ Երկրի կայունության եւ քաղաքական համակարգի, «ազգային կամքի», ինչպես նաեւ ժողովրդավարության վերաբերյալ Էրդողանի ինքնատիպ պատկերացումները վաղուց դարձել են միջոց քաղաքական գործընթացները ցանկալի ուղով տանելու համար։ Տասնամյակներ առաջ, կանխազգալով իր քաղաքական հավակնությունները, Էրդողանը մի առիթով ակնարկել էր. «ժողովրդավարությունը գնացք է, նրանից պետք է թռչես, երբ հասնես քո նպատակին»։ Իր նպատակին նա կարծես թե դեռ չի հասել, սակայն, ժողովրդավարություն կոչվող գնացքից նա վաղուց է դուրս թռչել»,-ասաց նա։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանի խոսքով՝ տարվա ընթացքում հիշարժան մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն, 2016 թ. Թուրքիայում կհիշվի որպես իրարահաջորդ ահաբեկչությունների եւ չհաջողված հեղաշրջման տարի, ընդդիմության եւ մամուլի լռեցման տարի, համատարած վախի մթնոլորտի տարածման եւ արտակարգ դրության հաստատման տարի։

«Տարվա գրեթե բոլոր ամիսների ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ, որոնք խլել են մոտ 600 մարդու կյանք։ Թուրքիան այլեւս անվտանգ վայր չէ եւ տեղի ունեցող իրադարձությունները նմանվում են 1990-ականների սկզբին համատարած դարձած ահաբեկչական գործողություններին։ 2016 թ. ահաբեկչական գործողությունները տեղի ունեցան ամենատարբեր վայրերում` մեծ քաղաքների փողոցներում, տեսարժան վայրերում, ավտոբուսներում, հարսանեկան արարողությունների ժամանակ, ֆուտբոլի մարզադաշտում, օդանավակայանում եւ այլն»,-ասաց նա։