Դեկտեմբերի 25-ին Սոչիի շրջանում կործանված ՌԴ ՊՆ-ի Տու-154 օդանավը հասցրել էր ընդամնեը 250 մետր բարձրություն հավաքել, հայտնել է ՌԴ ԶՈւ-ի ավիացիոն թռիչքների անվտանգության ծառայության պետ, Սերգեյ Բայնետովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ամբողջ թռիչքը մոտ 70 վայրկյան է տեւել, իսկ առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 250 մետր»,- ասել է Բայնետովը:

Նա հայտնել է, որ օդանավի հրամանատարի արտահայտություններից մեկը վկայում է, որ օդանավում հատուկ իրավիճակ է ստեղծվել: Նա հավելել է, որ ռադիոփոխանակությունը չափազանց կարճատեւ է եղել եւ հատուկ իրավիճակը զարգացել է 10 վայրկյանի ընթացքում: «Ի՞նչ է հնարավոր ասել 10 վայրկյանում»,- նշել է Բայնետովը:

Նրա խոսքով՝ առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է:

Նա տեղեկացրել է, որ օդանավի աղետի պատճառների վարկածների թիվը 15-ից 2 անգամ կրճատվել է: Վերջնական եզրակացությունները կարվեն մեկ ամսից ոչ ավելի վաղ: Նրա խոսքով 10 օր կպահանջվի շարժիչի բոլոր պարամետրերի, օդանավի համակարգերի մանրամասն հետազոտման, ամբողջ թռիչքի վերլուծության եւ ինքնագրերի տվյալների վերծանման համար: