Այսօր՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:

Նման հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում:

Այս ֆոնին զավեշտի են վերածվում պնդումները՝ հայկական կողմի հետախուզական խմբի գործողությունների եւ ադրբեջանական զինվորականի անհետ կորելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու եւ զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով»:

Ավելի NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ. «Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ, որոնց անունները հայտնի են: Զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: