Հայ ասպիրանտները սարք են ստեղծել կապի 4G համակարգերում ազդանշանի կոռեկցիայի համար։ Մշակողների թիմի ներկայացուցիչ, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտ Գոռ Մկրտչյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ սարքն ու դրա ծրագրային ապահովումն օգնում են նվազեցնել ֆազային աղմուկները այն համակարգերում, որոնք ազդանշանի հարակցություն չեն տալիս։

Բազմամուտքային (MIMO) համակարգերը հարակցային են, այսինքն հաղորդիչի ու ընդունիչի ազդանշանները համընկնում են ֆազերի տեղաշարժով։ «Բայց կապի շատ համակարգեր ավելի էժանագին բաղկացուցիչներից են հավաքվում, որոնք ազդանշանների հարակցություն չեն ապահովում։ Մեր սարքն օգնում է կոմպենսացնել դա»,- ասել է Մկրտչյանը։

Սարքը մշտապես հետեւում է օդային միջավայրին ու ընդունման ու հաղորդման ազդանշանների կոդավորման ժամանակ նախապես հաշվի առնում հնարավոր խանգարումները։ «Իսկ բջջային կապի բազային կայանների համար դա շատ կարեւոր է։ Այնտեղ միջավայրը մշտապես փոխվում է։ Տեղաշարժվում են բաժանորդները, փոխվում են եղանակային պայմանները։ Իսկ կապի որակը չպետք է տուժի»,- հավելել է Գոռ Մկրտչյանը։

Սարքը հավաքելու համար անհրաժեշտ բաղադրիչները մշակողներին տրամադրել է National Instruments ընկերությունը։