Եթե Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարը չէ, չի նշանակում, որ Հանրապետական կուսակցությունում անելիք չունի։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Այդ մարդիկ իրենց անելիքն ունեն կուսակցությունում, նրանք բավականին լուրջ գործունեություն են ծավալել  եւ պետք է ծավալեն կուսակցության համար»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Հայրենի կուսակցության օգտին Սյունիքի մարզում մշտապես բարձր տոկոսներ «խփած» Սուրիկ Խաչատրյանն անկախ մարզում իր ներկայիս զբաղեցրած դիրքից՝ նախկինի պես պետք է «երկարամյա» փորձը ծառայեցնի կուսակցությանը:

«Այդտեղ որեւէ խնդիր չկա, առողջական պատճառներով ներկայացրել է ազատման դիմում։ Եթե ՀՀԿ կառույցի ղեկավարը չէ, չի նշանակում, որ գործ չունեն, իրենք իրենց գործն ունեն կուսակցությունում։ Նա ՀՀԿ երկարամյա անդամ է»,-ընդգծեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը դժվարացավ ասել՝  ՀՀԿ-ի այլ տարածքային կառույցների ղեկավարները կփոխվեն, թե ոչ։