NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Վահան Արծրունի – երգիչ, բարդ, կոմպոզիտոր

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Կարծում եմ, որ էվթանազիայի հարցը քաղաքակրթական շարքից է։ Այսօրվա դրությամբ ամեն հասարակություն չէ, որ կարող է ադեկվատ վերաբերվել նման հարցերին։ Չէ՞ որ մի կողմից խոսքը բարոյականության մասին է, ինչ–որ բաներ թույլ տալու կամ թույլ չտալու մասին, իսկ մյուս կողմից՝ սեփական կյանքի եւ մարմնի վերաբերյալ որոշում կայացնելու մարդու անքակտելի իրավունքի մասին։

Եթե խոսենք փիլիսոփայական տեսանկյունից, ապա մարդու ցանկացած անօգնական վիճակ ստորացուցիչ է, եւ երբ մարդը դիմում է այդ քայլին, ես՝ որպես արտիստ եւ բժիշկ առաջին կրթությամբ, հասկանում եմ դա։

Հայաստանում վաղ է այդ հարցը քննարկել։ Մեր  հասարակությունը պատրաստ չէ ադեկվատ պատասխանել այդ հարցին, քանի որ բարոյականության եւ սեփական անձի առաջ պատասխանատվության մասին պատկերացումը շատ լղոզված է։

Ինչ վերաբերում է մանկական էվթանազիային, ես կարծում եմ, որ մինչեւ չափահասությունը ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ծնողների վրա։ Երեխայի վրա նման պատասխանատվության բեռ դնելն ինձ այնքան էլ հասկանալի չէ։ Երբ բժշկություն անօգնական է, որոշում պետք է կայացնեն մեծահասակները։ Եվ այստեղ արդեն խնդիրն այն է, թե նրանք հնարավոր համարում են արդյոք նման ելքը։

Խոսելով իմ մասին որպես ծնողի, ես չեմ  կարող ասել, թե որքանով եմ ես պատրաստ փիլիսոփայել այս թեմայով։

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Միջին դարերում հոմունկուլուսներ ստեղծելու ինչ–որ պրակտիկա կար։ Ձվի ներսում կամ արյուն կամ սերմ էին ներարկում։ Որոշ ժամանակ անց ձվի  ներսում  ինչ–որ կենդանի արարած էր առաջանում, բայց կոնկրետ ինչ, հայտնի չէ։

Կենսաբանության տեսակետից հոմունկուլուսը կենդանի արարած է, որը հոգի չունի։ Դա ստեղծագործության, այլ ոչ թե աստվածայինի արարչություն է։

Իսկ ինչ վերաբերում է կլոնին, ապա քանի դեռ մենք չենք հասկացել, թե այն հոգեւոր արարած է, թե ոչ, մենք կանգնած ենք փաստի առաջ այն ընկալել որպես օրգանների պահեստ, ինչը բացարձակապես անբարոյական է։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Հնարավոր եմ համարում դոնոր դառնալը, քանի որ աչքիս առաջ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են օրգանների փոխպատվաստում տարած մարդիկ երկրորդ կյանք ստացել։

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Իհարկե, վախենում եմ մահից այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ։ Մահվան վախը բազային վախ է, որը սահմանում է մարդու կյանքը։ Որքան խորն է այդ վախը, այնքան ուժեղ ես զգում կյանքը։

Անմահությունը հիանալի բան է, բայց ես կավելացնեի «արդյունավետ» բառը, այսինքն՝ այն անմահությունը, որը ստեղծագործելու հնարավորություն է տալիս։ Դրանից ես չէի հրաժարվի։

Աբորտների մասին

Այդ հարցը ե՛ւ առանձին անհատի, եւ ընդհանուր առմամբ հասարակության խնդիրն է։

Քրիստոնեական բարոյական տեսանկյունից կյանքն ընդհատելը ամենամեծ մեղքն է։ Դա Աստծու տված հնարավորությունն է մարդու ներսում կյանք աճեցնել, եւ ոչ ոք իրավունք չունի իր վրա վերցնել այդ կյանքն ընդհատելու պատասխանատվությունը։

Այլ բան է, որ հիմնականում դրան դիմում են այն կանայք, որոնք լուրջ սոցիալական խնդիրներ ունեն։ Եվ դա արդեն սոցիալական առումով անկատար հասարակության խնդիրն է։

Եթե պատկերացնենք մի հասարակություն, որտեղ երաշխավորված է երեխա ծննդաբերելու, մեծացնելու եւ նրան կրթություն տալու հնարավորությունը, ապա ո՞ր կինը կդիմեր աբորտի։ Ոչ մեկը։ Երեխա ծնելը այն հիմնական բնազդն է, որը մարդուն առաջ է շարժում կյանքում։

Ես անձամբ աբորտները չեմ ողջունում։ Բայց երբ հասարակությունը բարձրացնում է այդ հարցը, նա պետք է սկզբում լուծի այն սոցիալական հարթության մեջ եւ միայն հետո քննարկել այն բարոյականության հարթության մեջ։

Աղքատների եւ ողորմության մասին

Երբ ուզում եմ, տալիս եմ, երբ ոչ՝ ոչ։ Դա ինչ–որ պահ է։ Ես նայում եմ մարդուն, եւ ներսումս մի բան է միանում։ Լինում են դեպքեր, երբ ես չեն հասցնում արձագանքել եւ վերադառնում եմ, որպեսզի տամ։

Բայց լինում է այնպես, որ ներսումս մի բան է միանում, եւ ես անգամ չեմ կարող ինձ ստիպել բացել դրամապանակս եւ մանր հանել։ Ես չեմ էլ փորձում դրան բացատրություն գտնել։

Իսկ ընդհանրապես խնդրողին պետք է տալ։

Մեկ խորհուրդ երեխային

Առաջին հերթին ես կբացառեի «ոչ» բառը երեխայի հետ շփվելիս։

Ես նրան կասեի հետեւյալը. փորձի՛ր որքան կարող ես շուտ հասկանալ, թե որն է քո կյանքի գործը, եւ գնա այդ ճանապարհով։ Հենց դրանում է կյանքի իմաստը։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիք Էվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում