Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախկինում զբաղված էր բանակի  գործերով եւ տնտեսական վերլուծությունների ժամանակ չի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալուվ Օհանյանի ֆեյսբուքյան քննադատություններին։

«Իշխանության մեջ գտնվող մարդիկ էլ անընդհատ հանդես են գալիս առաջարկներով, ոչ մեկ  չի ասում, որ մեր տնտեսական վիճակը լավագույնն է, մտորումներ ենք այդ կապակցությամբ․․․ Իհարկե, Սեյրան Օհանյանը իշխանության մեջ չէ եւ ավելի ազատ է արտահայտվում,  բայց այդ անհանգստությունը կա նաեւ իշխանության մեջ»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Հարցին՝  թե ինչու պաշտպանության նախարարի պաշտոնում երկրում ստեղծված վիճակի վերաբերյալ անհանգստություն չէր հայտնում Սեյրան Օհանյանը, Բաղդասարյանը պատասխանել է․ «Նա զբաղված էր բանակի գործերով  եւ նման  վերլուծությունների ժամանակ չի ունեցել, հիմա իր մտահորիզոնն այլ է լայն  քաղաքականության մեջ, բնականաբար, այլ վերլուծություններ է անում։ Սեյրան Օհանյանի դերակատարությունը ոչ մեկ չի անտեսում, նա լուրջ  դերակատարում է ունեցել իր պաշտոնավարման ժամանակ»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան գրառումներում անդրադարձել է երկրի տնտեսական վիճակին` նշելով հետեւյալը. «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»: