Քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստներ կոլեկտիվ հայտ են ներկայացրել ԵԽԽՎ անդամներին վեհաժողովի ձմեռային նստաշրջանից առաջ։

Ինչպես հայտնում է contact.az–ը, նրանք վեհաժողովին կոչ են արել հետաքննել ԵԽԽՎ–ում քաղաքական կաշառակերության փաստերը, որոնց մասին հայտնի էր դարձել Իտալիայում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ քրեական գործի մեկնարկից եւ Կայունության եվրոպական նախաձեռնության «Խավիարային դիվանագիտություն 2» զեկույցի հրապարակումից հետո։

Դիմումի մեջ հիշատակվում է, որ Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրել էր ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից  եւ Մուսլիմ Մամեդովից 2.39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ Խնդրագրի հեղինակները ԵԽԽՎ–ին  կոչ են անում անհապաղ հեռացնել վեհաժողովից այդ պատգամավորներին եւ հետաքննություն սկսել նրանց դեմ։

Դրա հետ մեկտեղ կոչ է արվում կասեցնել ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքը։ Դիմումի հեղինակները կարծում են, որ 2013-ի հունվարին ԵԽԽՎ–ում քաղբանտարկյալների մասին Քրիստոֆեր Շտրասերի զեկույցով քվեարկության արդյունքները չեն կարող օրինական համարվել։ Քանի որ, «Խավիարային դիվանագիտություն 2» զեկույցից պարզ է դառնում, որ պատգամավորներին կաշառելն իրականացվել է հենց Շտրասերի զեկույցի ընդունումը խոչընդոտելու համար։