Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության ու նրա հրաժարականի միջեւ կապը բավականին արհեստական է։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի՝ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված հայտարարությունը։ Ալիեւը հայտարարել էր, որ «անձինք, որոնք առայսօր ղեկավարում էին ՀԱՊԿ-ը, պարզապես մեծ քաղաքական սխալ են գործել, հայամետ դիրքորոշում ու անընդունելի մտքեր արտահայտելով։ Այսօր բոլորիս հայտնի է նրանց ճակատագիրը»։

«Ադրբեջանական լրատվամիջոցներն ազատ են մեկնաբանել այս հայտարարությունն ինչպես կամենան։ Ոչ ոք այն չի հերքելու։Կամ էլ որեւէ բան ապացուցելու»,- ասել է Ալեքսանդր Խրամչիխինը։

Հիշեցնենք, որ խոսքը դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանին իրականացված ադրբեջանական դիվերսիայի մասին Նիկոլայ Բորդյուժայի կոշտ հայտարարության մասին է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Նիկոլայ Բորդյուժայի հրաժարականը վաղուց էր ծրագրված, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվում էր։ Անցած տարվա վերջին գլխավոր քարտուղարի պարտականությունները փոխանցվեցին նրա տեղակալին, ինչը Ադրբեջանում ընկալեցին, որպես «երկնային նշան»։